Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է Տարոն Մարգարյանին

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմել է հարցումով, որով հետաքրքրվել է, թե  ինչպե՞ս են դպրոցներն ապահովում իրենց գործունեությունը հրապարակային դարձնելու մասին օրենքի պահանջը:

««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջով տարեկան մեկ անգամ, մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը, դպրոցները պետք է իրականացնեն ներքին գնահատում, որը ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է: Սույն գնահատմանը մասնակից պետք է դառնան նաև ծնողներն ու աշակերտները: Այն մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը պետք է ներկայացվի ուսումնական հաստատության   կառավարման, մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդներին: Դպրոցը պետք է ապահովի դրա հրապարակումը:

Օրենքի սույն պահանջը բխում է ուսումնական հաստատության ժողովրդավար կառավարման սկզբունքից, որն ամրագրված է 5-րդ՝ «Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները» հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում:

Կարծում եմ, որ Yerevan.am կայքում դպրոցի հասցեից, հեռախոսահամարից ու ֆինանսական փաստաթղթերից բացի պետք է դրվի յուրաքանչյուր դպրոցի կայքէջը, որտեղից շահագրգիռ հասարակությունը կստանա դպրոցի առօրյայի մասին տեղեկություններ, ինչպես նաև այնտեղ կտեղադրվի օրենքի պահանջով իրականացված դպրոցի ներքին գնահատման հաշվետվությունը և նրա գործունեությունը թափանցիկ կլինի հասարակությանը:

Խնդրում եմ տեղեկացնել, թե օրենքի վերոնշյալ պահանջը՝ հրապարակել դպրոցի ներքին գնահատման հաշվետվությունը, ինչպե՞ս է իրականացվում, ո՞րտեղ գտնել դրանք:

Այս հարցումն ուղղված է պետական այն բոլոր մարմիններին, որոնց ենթակայության տակ կան հանրակրթական ուսումնական հաստատություններ»:

Տեսանյութեր

Լրահոս