«Ժողովրդի շարժման այդքան բյուրեղացում եղավ, ինչո՞ւ չեկան ուրիշ առաջնորդներ, որ շարժումն առաջ տանեին». Մ. Մելքումյանը՝ «100-ամյակն առանց ռեժիմի» անդամներին
«Ցանկացած ապակայունացման փորձ անընդունելի է: Կարող է մղումներն ազնիվ լինեն, բայց ձևը, ոճը, գործողություններ կատարելու ռեալ արարքներն անընդունելի լինեն: Ես կողմնակից եմ, որ գնանք համոզելու ճանապարհով: Երկրում կա ներքին և արտաքին անվտանգության ապահովման խնդիր: Եթե իրավական ընթացակարգից դուրս բան է կատարվում, ես դեմ եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ ապրիլի 24-ից անհնազանդության շուրջօրյա ակցիա սկսելու նախաձեռնությունը:
Ըստ նրա՝ ամեն մի հեղափոխություն անողից հետո նոր հեղափոխություն անող է գալիս. «Դա ավանդույթ չի կարելի դարձնել: Անհնազանդությունը օդից չի գալիս: Ժողովրդի շարժման այդքան բյուրեղացում եղավ, ինչո՞ւ չեկան ուրիշ առաջնորդներ, որ գային շարժումն առաջ տանեին: Ժողովուրդը գաղափարներից բացի՝ անձերին հավատալով է գնում: Դժգոհություն կա ներսում, բայց իրացման հետ կապված խնդիր ունենք»: