Այսօր ժողովուրդները համաձայն չեն, որ իրենց ապագան վճռեն արտերկրում. Բաշար Ասադ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր լեգիտիմության աղբյուրը Սիրիայի ժողովուրդն է:
Ասադը հիշեցրել է, որ Սիրիայում ճգնաժամի սկսվելուց ի վեր` Արևմուտքը հայտարարում է իր հեռանալու անհրաժեշտության մասին, ինչի պատճառն այն է, որ Արևմուտքի համար ընդունելի չեն գործընկերային հարաբերությունները. «Եթե նրանց դուր չի գալիս որևէ պետություն, ապա նրանք փորձում են տապալել նրա կառավարությանը կամ նախագահին:
Երբ նրանք դիմում են այդ տրամաբանությանը, նրանք հաշվի չեն առնում ժողովրդի կարծիքը: Նրանց համար ամեն ինչ շատ հեշտ է. մեզ դուր չի գալիս նախագահը, մենք կտապալենք նրան: Այսօր ժողովուրդները համաձայն չեն նրա հետ, որ իրենց ապագան, ճակատագիրը որոշեն արտերկրում:
Սիրիայի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը, և մեզ չի հետաքրքրում, թե այդ մասին ինչ են ասել արևմտյան երկրները կամ նրանց տարածաշրջանային դաշնակիցները: Մեզ չի մտահոգում, թե արդյոք նրանք խոսո՞ւմ են նախագահի մնալու կամ հեռանալու մասին, նրան ճանաչո՞ւմ են լեգիտիմ, թե՞ ոչ:
Իմ լեգիտիմության աղբյուրը ժողովուրդն է: Նրանք ցանկանում են, որ մենք վերածվենք խամաճիկի: Չեմ կարծում, որ Արևմուտքն ունի քաղաքական որոշում: Նա չի ցանկանում այն:
Բնականաբար, երբ ես խոսում եմ Արևմուտքի մասին, առաջին հերթին նկատի ունեմ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Այդ երկրները չեն ցանկանում քաղաքական կարգավորում: Նրանք ամենուրեք ցանկանում են պատերազմի բորբոքում ու իշխանափոխություն»: