Բաժիններ՝

Airbus A320-ի ավիաաղետից հետո Գերմանիայում ներդնում են «երկու մարդու» կանոնը

BBC-ի փոխանցմամբ` ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի կործանումից հետո Գերմանիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը ներդնում է «երկու մարդու» կանոնը, երբ օդաչուների սենյակում անպայմանորեն պետք է գտնվի օդանավի անձնակազմի առնվազն երկու անդամ:

Նման կանոն արդեն իսկ գործում է ԱՄՆ-ում: Վարչությունում վստահ են, որ խոչընդոտներ չեն ծագի նոր կանոնի ներդրման հարցում: Մասնավորապես, այդ կանոնն առաջին հերթին պետք է ներդնեն Germanwings, Air Berlin, Condor և TuiFly ավիաընկերությունները:

Օդաչուների համար նախորդ կանոնը թույլ էր տալիս օդաչուների սենյակում գտնվել երկու օդաչուներից մեկին, սակայն միայն անհրաժեշտ նվազագույն ժամանակով:

Հենց դրանից էլ երեքշաբթի օգտվել է 28-ամյա երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը, ով հետաքննության տվյալներով` փակել է սենյակի դուռն ու միտումնավոր ոչնչացրել է օդանավը:

Բացի այդ, ավիաաղետի ֆոնին ՄԱԿ-ը պահանջել է օդաչուների համար կանոնավորապես անցկացնել բժշկական հատուկ թեստեր: Այդ մասին հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը` ICAO-ն:

Խոսքն առաջին հերթին օդաչուի ֆիզիկական ու հոգեբանական վիճակը ստուգելու մասին է: Բուժզննումը պետք է իրականացնեն ավիափոխադրումների ոլորտում մասնագիտացած բժիշկները, որոնք քաջատեղյակ են, թե ինչ պահանջներ են ներկայացվում մարդուն` նման գործունեություն իրականացնելու համար:

ICAO-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ եթե բժիշկների մոտ կասկածներ են ծագում, ապա նրանք պետք է իրականացնեն առավել մանրակրկիտ զննում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս