Ադրբեջանը մտադիր է սկսել բրազիլական մշակման ALAC ձեռքի հակատանկային նռնականետի արտադրություն
Oxu.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը մտադիր է արտադրել մեկանգամյա օգտագործման ALAC ձեռքի հակատանկային նռնականետ, որը մշակել է բրազիլական GESPI ընկերությունը:
Փետվարի վերջին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը լրագրողներին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հակատանկային հրթիռների համատեղ արտադրության շուրջ բանակցում է բրազիլական GESPI ընկերության հետ:
84 միլիմետր տրամաչափի ALAC ձեռքի հակատանկային նռնականետը հանդիսանում է նույն տրամաչափի շվեդական հայտնի Saab AT4 ձեռքի հակատանկային նռնականետի համարժեքը: ALACի քաշը կազմում է 7.5 կիլոգրամ, իսկ արդյունավետ կրակոցի հեռավորությունը՝ մինչև 300 մետր: Նռնակն այդ հեռավորությունը հաղթահարում է 1.5 վայրկյանի ընթացքում: