Տուբերկուլյոզով որոշ հիվանդներ բուժումը կիսատ են թողնում՝ արտագնա աշխատանքի պատճառով. «Առավոտ»

Թերթը գրում է. «Տոբերկուլյոզով հիվանդը մեր հասարակությունում «persona non grata» (անցանկափ անձ է համարվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» ներհիվանդանոցային վարակի և որակի հսկողության բաժնի վարիչ Մարիամ Ղուկասյանը։

Ղուկասյանը պատմում է, որ կան մարդիկ, որոնք իմանալով, որ հարևանը, որի հետ երբևէ շփում չեն ունեցել, բայց իմանալով, որ տվյալ հարևանը տուբերկուլյոզով հիվանդ է, վախենում են նրա դռան բռնակին կպնել՝ մտածելով, որ կվարակվեն։ Տիկին Ղուկասյանը հայտարարում է՝ տուբերկուլյոզով հիվանդի հետ ձեռքսեղմումից կամ կողքով անցնելիս անձը չի վարակվի։

Ճիշտ է, վարակը փոխանցվում է օդի միջոցով, բայց, ինչպես ասում է մասնագետը, վարակը կփոխանցվի, եթե հիվանդի հետ ժամերով լինեք փակ տարածության մեջ, ու հիվանդն անընդհատ հազա, փռշտա, և եթե հարուցիչների մեծ քանակություն կա, հավանականություն կա, որ վարակը կփոխանցվի։ «Եթե մարդը հիվանդ է տուբերկուլյոզով, դա չի նշանակում, որ նրա հետ չպետք է շփվել, դա նրան ավելի է ճնշում, մարդու մոտ կարող են ինքնասպանության մտքեր առաջանալ»,– նշում է տիկին Ղուկասյանը։

«Աոավոտի» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում հիվանդների թվի աճը, Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Հայրապետյանը պատասխանում է.

«Հիմնականում խնդիրը արտագնա աշխատանքի մեկնելու հետ է կապված, միզրանտների մեծ մասը Ռուսաստան են մեկնում, իսկ այնտեղ մի քանի անգամ բարձր են հիվանդացության դեպքերը»։

Բացի այս, պարոն Հայրապետյանը նշում է, որ բուժումը երկարատև է՝ 2 տարի, և բուժման ընթացքում՝ որոշ ժամանակ հետո հիվանդների մոտ բավականին դրական արդյունք է լինում.

«Հիվանդը մտածում է՝ ինքն արդեն լավ է, մոտենում և ասում է՝ ես ուզում եմ գնալ արտագնա աշխատանքի։ Չնայած նրանց ասվում է, որ ամբողջությամբ բուժված չեն, բայց նրանք ընդհատում են բուժումը և մեկնում արտագնա աշխատանքի, որոշ ժամանակ հետո վերադառնում են ավելի ծանր վիճակով ու սկսում են ավելի շատ քանակությամբ դեղերի նկատմամբ դեղակայուն լինել, բուժումն ավելի բարդ է լինում»։

Այս հիվանդության բուժման ընթացքում դեղերի կողմնակի ազդեցությունն էլ շատ ծանր է լինում։ Ըստ Հայրապետյանի՝ սա էլ է պատճառ, որ որոշ հիվանդներ կիսատ են թողնում բուժումը։

Կետրոնի ներկայացուցիչ Մարիամ Ղուկասյանն ասում է, որ դեպքեր են լինում, երբ ընտանիքի անդամի մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը, բայց նրա հետ անմիջաբար շփվող մարդիկ խուսափում են հետազոտվել, որպեսզի հանկարծ տեղեկությունը չտարածվի. «Սա լուրջ խնդիր է»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը վստահեցնում է՝ «Տուբերկուլյոզը բուժելի է, եթե ժամանակին ախտորոշվում են, գտնվում են բուժման մեջ, և եթե պահպանում են համապատասխան ռեժիմը, իրենք լիովին ապաքինվում են, դրա համար պետք է համբերություն»։

Պետբյաջեից 4 միլիոն դրամ է հատկացվել տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրին, 8 միլիոն եվրո եռամյա ժամկետի համար հատկացրել է Գլոբալ հիմնադրամը։ Նշված գումարի մեջ են ներառվում նաև հակատուբերկուլյոզային դեղորայքը, սարքավորումները։ Նշենք նաև, որ տուբերկուլյոզի բուժումը ամբողջությամբ անվճար է։

Կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս