Ավստրալիայի առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանի առաքելությունը Հայաստանում մարդկային կյանքեր փրկելն է
Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ 10 տարի առաջ Հայաստան կատարած իր առաջին այցից առաջ Սիդնեյում գործող հայազգի վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը երբեք չի կարծել, որ իր առաքելությունը՝ մարդկանց կյանքերը փրկելը և իր գիտելիքները երիտասարդ վիրաբույժներին փոխանցելը, կլինի այդքան բարդ:
Վերջին 10 տարվա ընթացքում նա Հայաստան է այցելել տարեկան երկու անգամ՝ իրականացնելու համար փրկարարական էնդովասկուլյար վիրահատություններ, որոնք իրենցում ներառում են վնասված արյունատար անոթների վերականգնումը, և միտված են ստենոկարդիան ու գանգրենան կանխելուն:
Քասաբյանի խոսքերով՝ գոյություն ունի անոթային վիրաբուժության երկու տեսակ. «Կա բաց վիրահատություն, որի ժամանակ մենք անում ենք բաց, մեծ վերքեր, և կա էնդովասկուլյար վիրահատություն, որի ժամանակ մենք կարող ենք անել նույնը, սակայն նեղ անցքով»:
Բժիշկ Քասաբյանը ծնվել է Ավստրալիայում, հայ ընտանիքում: Նա առաջին անգամ Հայաստան է ժամանել 2004 թվականին: Վերջին 10 տարում նա Հայաստանում հանդիպել է 2000 հիվանդի և կատարել է 150 վիրահատություն: Հայաստանում նա օգնում է վիրաբույժ Էդուարդ Աղիյանին, ով երազում է դառնալ անոթային վիրաբույժ և բարելավել Հայաստանում անոթային վիրաբուժության վիճակը:
Քասաբյանն ընդգծել է, որ Հայաստան պարբերաբար այցելելը տարեկան իր համար արժենում է մոտ 100.000 դոլարի աշխատավարձի կորուստ: Սակայն նրա ջանքերն ապարդյուն չեն եղել: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեդալ է շնորհել նրան՝ երկրի բժշկական ոլորտում ունեցած ներդրման համար:
Քասաբյանը հայտարարել է, որ Հայաստան հաճախակի այցելելն իրեն օգնել է վերգտնել իր արմատներն ու միանալ իր հայրենակիցներին, ինչը մեծ բերկրանք է պատճառում իրեն: Նա երազում է հիմնել անոթային վիրաբուժության դպրոց և դրանում սովորելու համար բժիշկներին հրավիրել Ավստրալիա: