Կառավարությունը հաճույքների վրա միլիոններ է ծախսում, բայց խնայում է գյուղի փոքրիկ բյուջեից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերրթն իր այսօրվա համարում գրում է. «Կառավարությունը հաճույքների վրա միլիոններ է վատնում, բայց խնայում է գյուղի փոքրիկ բյուջեից: Ավելի քան երեք տարի է, ինչ համայնքների խոշորացման ծրագիրը թմբկահարվում է որպես դարի բարեփոխում: Տիգրան Սարգսյանի օրոք սկիզբ առած ծրագիրը Հովիկ Աբրահամյանի օրոք է կյանքի կոչվելու:

Գյուղացիների վերաբերմունքն այս փոփոխությանը միանշանակ չէ, շատերը դժգոհում են, քանի որ բախվելու են մի գլխավոր խնդրի` բյուրոկրատական քաշքշուկների: Մի թղթի ու հարցի համար պիտի կիլոմետրեր կտրեն ու հասնեն գյուղապետարան, իսկ բազմաթիվ գյուղերում անգամ տրանսպորտ չի աշխատում, եղածն էլ շատ վատ է, էլ չենք խոսում ճանապարհների վիճակի մասին: Բայց, տեխնիկական հարցերից բացի, սա հանգեցնելու է նաև գործազրկության, այսինքն՝ 14 գյուղի միավորման դեպքում լուծարվելու է գյուղապետարանի աշխատակազմը: 7-8 գյուղ միավորվելու է մեկ համայնքում, լինելու են մեկ գյուղապետ ու միավորվող գյուղերից մեկական ներկայացուցիչ:

Խոշորացման հարցը մայիսի 17-ին հանրաքվեի կդրվի Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք գյուղերում` պարզելու համար, թե բնակիչները համաձա՞յն են արդյոք խոշորացմանը:Մարզպետարաններից արդեն հրահանգը կա՝ կողմ քվեարկել կառավարության բարեփոխմանը: Գյուղացիներին հուսադրել են, թե միավորվելու դեպքում բյուջեի տնտեսումների հաշվին ներդրումներ կլինեն, բիզնես ծրագրեր կիրականացվեն, և կարճ ժամանակ անց այն կդառնա տնտեսական ծաղկուն գոտի:

Խոշորացման համար ընտրվել է 14 համայնքային փունջ. Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները կմիավորվեն «Թումանյան համայնք» անվանմամբ, համայնքի կենտրոնը կլինի Թումանյանը:

Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները կմիավորվեն «Դիլիջան համայնք» անվանմամբ՝ Դիլիջան համայնքի կենտրոնով: Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները կմիավորվեն «Տաթևի համայնք» անվանմամբ՝ Շինուհայր համայնքի կենտրոնով: Վարչապետը երեկ հայտարարեց, որ այս համայնքների միավորման վերաբերյալ դժգոհություն կամ վիճելի հարց չկա: Բարեփոխումը շարունակություն է ունենալու:

Իսկ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության նիստից հետո այն հարցին, թե ինչ նպատակով է խոշորացվում, խնայողություննե՞ր անելու, պատասխանեց. «Նաև միջոցների խնայում, մոտավորապես 50-60 տոկոս դրամական խնայողություն»: Այսինքն՝ խիստ սրտացավ կառավարությունը, որի պաշտոնական այցերը, միջոցառումները մի քանի տասնյակ միլիոններ են կազմում, որոշել է խնայողություն անել մի քանի հարյուր բնակչություն ունեցող գյուղապետարանների բյուջեի հաշվին՝ դրանք լուծարելով:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս