Բաժիններ՝

Ինչու են բանկերը դժվարացրել վարկավորումը

Եվ այսպես, որքան էլ պատկան մարմինները փորձեն համոզել, որ ֆինանսական ոլորտում ամեն ինչ կարգին է, և բանկերի կողմից տնտեսության վարկավորումը նախկինի պես ակտիվ շարունակվում է, փաստերը հակառակի մասին են վկայում։ Վարկավորման ծավալների սահմանափակման և պայմանների խստացման մասին խոսում են ոչ միայն տնտեսավարողներն ու քաղաքացիները, այլ հենց իրենք` բանկիրները։

Ընդ որում, բանկերը նաև հիմնավորում են, որ դա ոչ թե քմահաճույք է, այլ` պարտադրված քայլ։ Հիմնական պատճառը նախորդ տարվա վերջին Կենտրոնական բանկի ընդունած որոշումն էր` կապված արտարժութային պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխության հետ։

Հիշեցնենք, որ դրամի արժեզրկման գործընթացի դեմն առնելու համար ԿԲ-ն արտարժութային պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմատիվը բարձրացրեց մինչև 24%։ Հետո, իհարկե, արագ վերանայեցին` նվազեցնելով մինչև 20%։

Սակայն անգամ այդ 20%-ը բավականին ծանր բեռ է բանկերի համար։
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր բանկ իր ներգրաված արտարժութային ավանդների 20%-ը պետք է վերածի դրամի և պահուստավորի Կենտրոնական բանկում։ Այսինքն` իր ռեսուրսները «քնեցնի» ԿԲ-ում։ Ընդ որում, դեկտեմբերին շատերը կարծում էին, որ դա ժամանակավոր միջոց է` փոխարժեքային աժիոտաժը դադարեցնելու համար։ Սակայն այս պահանջը մինչ օրս գործում է։

Պարզ օրինակի վրա ցույց տանք, թե սա ինչ ազդեցություն է ունենում բանկերի, և մասնավորապես` վարկավորման գործընթացի վրա։ Բանկը ներգրավում է 1000 դոլարի ավանդ` որոշակի X տոկոսով։ Բնականաբար, նա պետք է այդ գումարը տրամադրի որպես վարկ` X + Y տոկոսով, որպեսզի փակի իր ծախսերը և շահույթ ստանա։
Սակայն 1000 դոլարը բանկ մտնելուն պես, Կենտրոնական բանկը նրանից վերցնում է 200 դոլարը։ Ընդ որում, վերցնում է դրամով. բանկը 200 դոլարը վերածում է դրամի և այդ գումարը փոխանցում է ԿԲ-ին։

Ինչ է տեղի ունենում սրա հետևանքով։ Նախ` բանկերի տրամադրության տակ եղած դրամային միջոցները պակասում են` առաջացնելով դրամի դեֆիցիտ։ Այսպիսով, դրամային վարկերի տրամադրման հնարավորությունները սահմանափակվում են։ Մյուս կողմից` բանկն արդեն պետք է վարկավորման տոկոսն ավելի բարձր սահմանի, քան X+Y-ն է։ Այն պարզ պատճառով, որ ներգրավված 1000 դոլարի ծախսը պետք է փակի` «աշխատեցնելով» 800 դոլարը:

Հիմա այս ամենը պատկերացրեք ոչ թե առանձին բանկի, այլ ողջ բանկային համակարգի պարագայում։ Մոտավոր գնահատականներով, խոսքը մոտ 170 մլրդ դրամի մասին է: Այդքան գումար դուրս է մղվում շուկայից` տեղավորվելով ԿԲ պահուստային հաշիվներում։ Ու դրա հետևանքն այն է, ինչ մենք տեսնում ենք։ Սրան էլ գումարենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի բարձրացումը, փոխարժեքի հետ կապված անորոշությունը և տնտեսական վիճակի վատթարացումը, ինչի հետևանքով վարկառուները դառնում են առավել ռիսկային։ Հիմա, թերևս, պարզ է, թե ինչու են բանկերը կրճատել վարկավորման ծավալները։ Նրանք ոչ միայն առավել զգուշավոր են (ինչի հիմքերն ունեն), այլ նաև օբյեկտիվ պատճառներով` ավելի քիչ ռեսուրսներ ունեն։

Այս ամենին էլ պետք է ավելացնել, որ միջազգային վարկանիշային կառույցները նվազեցրել են ինչպես` Հայաստանի, այնպես էլ` երկրի առանձին բանկերի վարկունակության գնահատականը։ Այսինքն` արտաքին աշխարհից ռեսուրսներ ներգրավելն ավելի է դժվարացել և թանկացել։ Իսկ ներքին ռեսուրսների` ավանդների հարցում, խնդիրը դեռ նախորդ տարվա վերջից է գալիս, երբ մարդիկ զանգվածաբար իրենց ավանդները սկսեցին դուրս բերել առևտրային բանկերից։
Կարճ ասած, թեպետ վարկային հայտի մերժումից հետո քաղաքացին կամ ընկերությունը հայհոյում է առաջին հերթին` հենց բանկերին, այս վիճակն ամենաքիչը հենց բանկերին է ձեռնտու։ Չէ՞ որ բանկի եկամտի հիմնական աղբյուրը հենց վարկային տոկոսներն են։

Սակայն ավանդների հետ կապված իրավիճակում վերջին ամիսներին նկատվում է մի երևույթ, որ բանկերին ամենաշատն է մտահոգում. մարդիկ դուրս են բերում իրենց ավանդները և ծախսում սպառման համար։

Դեկտեմբերին մարդիկ վախենում էին անորոշությունից` փոխարժեքի կտրուկ տատանումներից, և առանձին բանկերի կայունության հարցում կասկածներ ունեին, այդ իսկ պատճառով նրանք դուրս էին բերում թե՛ դրամային, թե՛ դոլարային ավանդները։ Նախկին հրապարակումներից մեկում նշել էինք, որ ըստ տարբեր հաշվարկների` 2014 թվականի վերջին եռամսյակի ընթացքում (ու մասնավորապես` վերջին ամսվա ընթացքում) ՀՀ ռեզիդենտների ավանդների և ցպահանջ հաշիվների ծավալը նվազել էր շուրջ 90 միլիարդ դրամով։ Որոշ բանկերում ավանդները կրճատվել էին սարսափելի տեմպերով։ Քիչ թվով բանկերում ավանդներն ավելացել էին։ Այսինքն` ավանդների մի փոքր մասը տեղափոխվել էր մի բանկից մյուսը։ Մնացած մասը վերածվել էր կանխիկի և տեղ գտել մարդկանց ներքնակի տակ կամ անգամ նույն բանկի պահատուփերում։

Բանկիրներին չի անհանգստացնում ավանդների հոսքը մի բանկից մյուսը։ Չի անհանգստացնում նաև, որ մարդիկ ավանդը դուրս են բերում և կանխիկի ձևով պահում` զգուշանալով անորոշությունից։ Ինչպես մասնավոր զրույցներում նշում են բանկիրները, ամենամտահոգիչն այն է, որ մարդիկ ստիպված են ծախսել այդ գումարները։ Իսկ ներքին օգտագործման համար արված հետազոտությունները հենց այդ մասին են վկայում. տրանսֆերտների կրճատման հետևանքով շատերն այսօր առօրյա ծախսերը հոգում են խնայողությունների հաշվին։ Ինչպես խոստովանում են ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները, իրենք նման վիճակ չեն հիշում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս