«Եվրոպական շաբաթվա» ռուսական ելևէջները

Երեկ Երևանում ավարտվեց Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը: Երեկ երեկոյան էլ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել՝ շարունակելու, ինչպես ինքն էր նախօրեին հայտարարել, Հայաստանի «եվրոպական շաբաթը»: Նա այնտեղ մասնակցելու է Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Վերջին երեք օրերին Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության շարունակության վերաբերյալ Երևանում, ինչպես՝ հայ, այնպես էլ՝ եվրոպացի պաշտոնյաների կողմից այնքան հայտարարություններ հնչեցին, որքան, թերևս, չէին հնչել 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հաջորդած մեկուկես տարիների ընթացքում:

Իհարկե, այդ հայտարարություններն առայժմ շարունակում են ավելի շատ հռչակագրային բնույթ կրել, սակայն, դրանով հանդերձ, տեսանելի է, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիության հետ գրեթե կանգ առած հարաբերություններում ինչ-որ գործընթաց է սկսվել: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունը դեռևս չի պատկերացնում այն սահմանը, որն իրեն կարող է թույլ տալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում: Չի պատկերացնում, որովհետև չգիտի՝ որքանո՞վ դա թույլ կտա Ռուսաստանը:

Մյուս կողմից, սակայն, որքան էլ առաջին հայացքից անհավանական է թվում, հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն առնվազն չի բացառում ինչ-որ ձևով ԵՏՄ-ից Հայաստանը «պոկելու» հնարավորությունը: Ու եթե վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները դիտարկենք այս համատեքստում, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկուսացումը որոշակիորեն այլ՝ մինչ այժմ գրեթե չքննարկված երանգ կարող է ստանալ:

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը՝ դեռևս քառյակ-եռյակ ձևաչափով, զգալի դերակատարում ունեցան սեպտեմբերի 3-ի որոշման կայացման հարցում: Ոչ միայն ու ոչ այնքան Մաքսային միությանն անդամակցության աջակցությամբ ու անշրջելիության մասին քարոզով, որքան ռուսական մահակի գործառույթով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Մոսկվայի աջակցությամբ իշխանափոխություն իրականացնելու իրական սպառնալիքով:

Հիմա ԲՀԿ-ն ու, որպես դրա հետևանք՝ ընդդիմության ռուսական բևեռը, ըստ էության, կազմաքանդված է: Այսինքն՝ եթե թեկուզ տեսականորեն ընդունենք, որ Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարի դեպի Եվրոպա, գոնե տեսանելի ապագայում դրա նկատմամբ ներքին դիմադրություն չի առաջանա:

Իսկ որ Սերժ Սարգսյանը նման շրջադարձի ընդունակ է, ցույց է տվել հենց սեպտեմբերի 3-ի որոշումը, երբ 3.5 տարի շարունակ բանակցված ու գովաբանված Ասոցացման համաձայնագիրը մի գիշերվա մեջ փոխարինվեց Մաքսային միությանն անդամակցելու «ցանկությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս