Բաժիններ՝

«Իսլամական պետության» զինյալներն Իրաքում պայթեցրել են Սադդամ Հուսեինի դամբարանը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում ավերվել է երկրի նախկին (1979-2003թթ.) առաջնորդ Սադդամ Հուսեինի գերեզմանը: Դա տեղի է ունեցել իրաքցի զինվորականների ու «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև Տիկրիտ քաղաքի համար մղված մարտերի ժամանակ:

Տիկրիտի շրջանում ակտիվ բախումները մեկնարկել են մարտի 15-ին, երբ Իրաքի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարեց, որ պատրաստվում է 48 ժամում իրենց վերահսկողության տակ առնել այդ քաղաքը: Մարտերը հիմնականում ընթանում են քաղաքից դեպի հյուսիս ու հարավ ընկած շրջաններում:

Ընդգծվում է, որ առավել ուժգին հարձակում է իրականացվել Սադամ Հուսեինի հայրենի Ուջա գյուղում, քանի որ հենց այնտեղ է գտնվում նրա գերեզմանը: Սակայն զինյալներն ականներ ու պայթուցիկ սարքեր են տեղակայել նրա դամբարանի մոտ, որպեսզի ծուղակի մեջ գցեն կառավարական զորքերին:

Ականատեսների վկայությամբ, գերեզմանից մնացել են միայն հենասյունները: Բացի այդ, անհետացել են Հուսեինի դիմանկարները: Դրանց փոխարեն ծածանվել են շիական դրոշներ:

2014 թվականի նոյեմբերին էլ «Իսլամական պետության» զինյալները Տիկրիտում ավերել էին Սադդամ Հուսեինի հոր գերեզմանը: Քաղաքը խմբավորման վերահսկողության տակ է գտնվում 2014 թվականի հունիսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս