Ինչու՞ են կատուները սիրում մտնել արկղերի մեջ
Բոլորս էլ նկատել ենք, որ կատուները սիրում են թաքնվել արկղերում: Այդ կենդանիներն անգամ քնում են արկղերի մեջ: Ի՞նչն է նրանց այդպիսի տարօրինակ վարքի պատճառը: Այս հարցի պատասխանը փորձել են գտնել հոլանդացի գիտնականները:
Պարզվում է, որ կատուները սթրեսի դեմ պայքարելու միջոց են փնտրում, և արդյունքում՝ թաքնվում են արկղի մեջ: Այսպիսի հետևություններ արվել են փորձի արդյունքում, որտեղ ուսումնասիրվել է 19 կենդանու վարքը: Փորձի համար կատուներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի ներկայացուցիչների համար արկղերը հասանելի էին, և անհրաժեշտության դեպքում նրանք հանգիստ կարող էին մտնել արկղի մեջ: Երկրորդ խմբի կատուներն արկղում թաքնվելու հնարավորություն չունեին:
Երեք օր անց գիտնականները երկրորդ խմբի կատուների մոտ շատ անսովոր վարքագիծ նկատեցին: Այդ կատուները չէին ադապտացվում նոր միջավայրին, մինչդեռ առաջին խմբի կատուներն այդպիսի խնդիր չունեին: Իրենց ենթադրությունները վերջնականապես հաստատելու համար գիտնականները շարունակեցին փորձը ևս երկու շաբաթ:
Բացի այդ, նրանք նշեցին, որ կատուները գերադասում են քնել արկղերում, քանի որ այդտեղ ավելի տաք է, և կենդանին շատ ավելի քիչ էներգիա է ծախսում իր մարմնի ջերմաստիճանը պահելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ