Բաժիններ՝

Էրդողանը տուգանվել է հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշած հուշարձանը «այլանդակ» անվանելու համար

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ստամբուլյան դատարանը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղավոր է ճանաչել արվեստի գործը վիրավորելու համար և նրան պարտավորեցրել է վճարել 10.000 լիրա (մոտ 4000 դոլար) տուգանք՝ դրա հեղինակին հասցրած բարոյական վնասի համար:

Խոսքը գնում է Կարսում կառուցված և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշած հուշարձանի (այն անվանում են նաև մարդկության հուշարձան) մասին, որին Էրդողանը 2011 թվականի սկզբներին անվանել էր «այլանդակ» և կարգադրել էր ապամոնտաժել այն:

Էրդողանի փաստաբանը դատարանում հայտարարել է, որ նա չի վիրավորել արվեստի գործը և միայն քննաադատել է դա: Սակայն դատարանի վրա այդ խոսքերը ներգործություն չեն ունեցել:

Էրդողանին դատի էր տվել 35 մետր բարձրությամբ և 350 տոննա քաշով այդ հուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյը, ով Էրդողանի խոսքերը համարել էր վիրավորական և պահանջել էր 100.000 լիրայի փոխհատուցում: Հուշարձանի կառուցումը Կարսում մեկնարկել էր 2006 թվականին, սակայն 2011թ. այն ապամոնտաժեցին դեռևս անավարտ վիճակում:

Հիշեցնենք, որ 2011 թվականի սկզբին տվյալ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սարիղամիշի ճակատամարտի (1914-1915թթ.) հերթական տարելիցի կապակցությամբ այցելել էր Կարսի նահանգ և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող այդ հուշարձանն անվանել էր «այլանդակ»՝ կարգադրելով ապամոնտաժել այն:

Ապամոնտաժման գործընթացը մեկնարկել էր նույն թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: 2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնցից առաջ Էրդողանը ձեռնարկեց բազմաթիվ քայլեր (այդ թվում նաև վարկաբեկիչ, սեռական բնույթի տեսագրություններ տարածելով)՝ ազգայնականների ընտրազանագվածին իր կողմը թեքելու և ընտրությունների արդյունքներով «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) մուտքը խորհրդարան փակելու համար:

Այդ քայլերից մեկն էլ հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշած հուշարձանի ապամոնտաժումն էր: ԱՇԿ-ի կողմից խորհրդարան մուտք չգործելը մեծապես կավելացներ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորական մանդատների թիվը խորհրդարանում: Սակայն ԱՇԿ-ը, ի հեճուկս Էրդողանի, կարողացավ հաղթահարել 10 տոկոսանոց ընտրաշեմը և մուտք գործել խորհրդարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս