«Րաֆֆի Հովհաննիսյանը նաև դե յուրե թաղեց Եռյակը, որը դե ֆակտո գոյություն չուներ շատ վաղուց». Գագիկ Համբարյան
«Եռյակը շատ վաղուց գոյություն չունի: Եռյակը գոյություն չուներ դեռ այն ժամանակվանից, երբ նույն Րաֆֆի Հովհաննիսյանն «անկախ», իր սեփական հանրահավաքներն էր կազմակերպում Երևանում, Գյումրիում և Հայաստանի այլ մարզերում, կամ իր սեփական տեսակետն էր հայտնում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պահով: Այսինքն՝ եռյակը դե ֆակտո այդ ժամանակվանից գոյություն չուներ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի փետրվարի 20-ին՝ հավաք-ասուլիսի ժամանակ արած այն հայտարարության մասին, որ եռյակ գոյություն չունի՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Ըստ քաղաքագետի՝ այդ երեք քաղաքական ուժերը (ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը») մինչև փետրվարի 17-18-ը փորձում էին միասնական լինել, ժողովրդի աչքին միասնական երևալ, ապացուցել, որ եռյակը կա, որպեսզի ժողովուրդը թևաթափ չլինի, որպեսզի ժողովուրդը հավատա, որ միասնական ընդդիմությունը կանգնած է այն մարդկանց թիկունքին, որոնք դեմ են գործող իշխանություններին.
«Բայց Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիան ՀՀԿ-ին, և դրա հետևանքով՝ փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարելն արդեն պարտադրեց Րաֆֆի Հովհաննիսյանին ասել այն, ինչ վաղուց գոյություն ուներ: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նաև դե յուրե թաղեց Եռյակը, որը դե ֆակտո գոյություն չուներ շատ վաղուց»:
Ի պատասխան հարցին էլ՝ ճի՞շտ է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով, որ ոչ թե «Ժառանգությունը» դուրս եկավ Եռյակից, այլ Եռյակի մյուս երկու անդամները պառակտեցին Եռյակը՝ փետրվարի 20-ի հանրահավաքին չմասնակցելով, քաղաքագետը կրկնեց, որ Եռյակ դե ֆակտո գոյություն չուներ շատ վաղուց.
«Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է հելնում, թե ներս է մտնում… Էլի եմ նշում, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածն այնքան էլ մեծ չէ: Այն, ինչ ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, դա իր սեփական ձայները չէին, և դա ինքն էլ շատ լավ գիտի, դա այն մարդկանց ձայներն են, որոնք դեմ են Սերժ Սարգսյանին, բայց ստիպված կողմ են քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև ավելի նախընտրելի թեկնածու չունեին:
Եվ հանրահավաքները մարզերում, որ կազմակերպում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ թե անցյալ տարվա վերջում, թե հիմա, շատ լավ ցույց են տալիս իրականում Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողների թիվը և նրա երկրպագուներին»: