«Օդնոկլասսնիկի» 18 զոհերը. կալանավորը տարբեր երկրների քաղաքացի ու գործարար է ներկայացել
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մեղավոր է ճանաչվել խարդախության մեջ՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատժի կրման ընթացքում «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 18 քաղաքացիների հետ, այնուհետև` փոխանակվել բջջային հեռախոսահամարներով և կապը շարունակել բջջային հեռախոսով խոսելու միջոցով, շարունակաբար տարբեր երկրների քաղաքացի ու գործարար ներկայանալով, ընդհանուր հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 3.780.000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար:
Ըստ դատարանի վճռի՝ դատական քննության ընթացքում առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով իրեն առաջադրված մեղադրանքում ներառված 11 դրվագներով, և օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալ: Դատարանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել առաջադրված, նշանակել է ազատազրկում` 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Մեկ այլ դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը` 8 տարի ժամկետով ազատազրկումը, և դատավճռով նշանակված պատիժը` 6 տարի ժամկետով ազատազրկումը, դատարանը գումարել է մասնակիորեն` վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում` 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: