Շատ բարձր եմ գնահատում հայկական ապրանքների հեռանկարները ԵՏՄ-ի շուկաներում. Արա Նռանյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը, փետրվարի 11-13-ին Մոսկվայում անցկացված «Պռոդէքսպո-2015» ցուցահանդեսի շրջանակներում պատասխանել է Հայաստանի գործարար հանրության ներկայացուցիչների հարցերին:
Նռանյանը հայտարարել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո նվազագույնի են հասցվել անդամ երկրների շուկաներ հայկական արտադրանքի մատակարարման ճանապարհին ընկած արգելքները:
Նռանյանը պատմել է այն հնարավորությունների մասին, որոնք հայ արտադրողների մոտ հայտնվել են ԵՏՄ-ին հանրապետության անդամակցումից հետո, ինչպես նաև խոսել է ապրանքների մաքսային ձևակերպման նորարարությունների, արտադրանքի հավաստագրման նորմերի, ալկոհոլի ակցիզային քաղաքականության և այլնի մասին.
«Ես շատ բարձր եմ գնահատում հայկական ապրանքների հեռանկարները ԵՏՄ-ի շուկաներում ու հատկապես Ռուսաստանում, ուր սպառողները շատ լավ են վերաբերվում հայկական ապրանքներին, գնահատում են դրանց որակը: Ընդ որում՝ եթե նախկինում մատակարարումների ընդլայնմանը խոչընդոտում էին տարատեսակ արգելքները, ապա Միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելուց հետո դրանք հասցվել են նվազագույնի:
Ցանկանում եմ ընդգծել, որ մոտ ապագայում առաջին անգամ կմեկնարկեն հայկական արտադրության մսամթերքի մատակարարումները ռուսական շուկա: Արդեն իսկ կան համապատասխան պայմանավորվածություններ: Բելառուսի հետ Հայաստանը նույնպես արդեն իսկ հաստատել է առևտրային որոշակի կապեր: Ղազախստանի հետ դրանք թույլ են, սակայն վստահ եմ, որ այժմ շփումները կամրապնդվեն Միության բոլոր երկրների հետ»:
Արա Նռանյանի խոսքերով՝ ներկայումս ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի ոլորտում Հայաստանի ու ԵՏՄ-ի մյուս երկրների միջև վերացվել են բազմաթիվ ձևականություններ. «Դեռ բոլորը չէ, որ հասկանում են դա, քանի որ ընթանում է նոր իրողություններին հարմարվելու հասկանալի գործընթաց, ընդ որում՝ ինչպես Հայաստանի բնակիչների համար, որոնք պետք է պարզեն, թե ինչ հնարավորություններ են առաջացել իրենց մոտ, այնպես էլ պետական մարմինների համար, որոնք պետք է սկսեն աշխատել նոր նորմերով ու կանոններով»: