2011թ. ՌԴ-ի հուզումները կանխատեսած տնտեսագետի կարծիքով Պուտինին սպառնում են բողոքի նոր ակցիաներ. Bloomberg
Bloomberg գործակալության կայքում հրապարակվել է Հենրի Մեյերի և Իլյա Արխիպովի «Պուտինը նոր հուզումների ռիսկի տակ է, ասում է 2011 թվականի հուզումները կանխատեսած տնտեսագետը» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Տնտեսագետ Միխայիլ Դմիտրիևը, ով կանխատեսել է 2011-2012 թվականների հակապուտինյան բողոքի ակցիաները, վստահեցնում է, որ Ռուսաստանը կարող է թևակոխել ընդվզումների նոր ժամանակաշրջան, որոնց համար պատճառ կհանդիսանան տնտեսական անկումը և Ուկրաինայի հակամարտության սրացումը:
Տնտեսական դժվարությունների սրացման պահին քաղաքական վերահսկողության խստացումից բխող դժգոհությունը կարող է իր գագաթնակետին հասնել մինչև խորհրդարանական հաջորդ ընտրություններ, որոնք ացկացվելու են 2016 թվականի ավարտին:
Եթե ուկրաինական ուժերի և անջատողականների միջև մարտերը զգալիորեն թեժանան, ապա դա կհանգեցնի Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելուն և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի սրացմանը:
Դմիտրիևը կարծում է, որ այդ ժամանակ ժողովրդական հուզումները կարող են սկսվել էլ ավելի վաղ: Դմիտրիևը եզրակացրել է, որ Ուկրաինայի հակամարտության հետագա էսկալացիան կարող է բարձրացնել տնտեսական ռիսկերը. «Մենք ավելի շատ ենք հետ մնում զարգացած երկրներից: Դա չափազանց վտանգավոր սցենար է»:
2014 թվականի դեկտեմբերին Դմիտրիևի անցկացրած սոցհարցումը վկայել է, որ ռուսաստանցիների ուշադրությունը հայրենասիրությունից անցում է կատարում այնպիսի թեմաների, ինչպիսիք են եկամուտների նվազեցումը, գործազրկության աճը և ինֆլյացիայի աճը:
Ալեքսեյ Կուդրինի Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի պատվերով անցկացված սոցհարցման ժամանակ սոցիոլոգները պարզել են հարցվածների վերաբերմունքը Պուտինի հանդեպ` խնդրելով ասել, թե ինչ կենդանու հետ են ասոցացնում նրան:
Արդյունքները վկայում են, որ Պուտինի հանդեպ վստահությունը կտրուկ նվազել է . 2014 թվականի սկզբին անցկացված նմանատիպ հարցման հետ համեմատած` հարցվածների երկու երրորդը թվարկել է ավելի փոքր կենդանիների անուններ: Օրինակ` Պուտինին համեմատել են ոչ թե արջի, այլ` ոզնու հետ:
Դմիտրիևը եզրակացրել է, որ դա արտացոլում է հոգեբանական ուժեղ հիասթափություն: 2011 թվականի մարտին Դմիտրիևը կանխատեսել էր քաղաքական դժգոհության բռնկում` կապված կառավարությունից աճող հիասթափության հետ:
Պուտինի վարկանիշը դեռ 85% է: Դմիտրիևը մեկնաբանում է. «Զգացողությունը, որ տնտեսական իրավիճակը վատթարանում է, մշտապես հանգեցնում է քաղաքական վարկանիշների նվազեցման: Դա կարող է տեղի ունենալ վեց ամսից մինչև մեկուկես տարի անց»:
Դմիտրիևի կարծիքով` Ռուսաստանի ոչ մեծ քաղաքներում բողոքի ակցիաները կարող են սկսվել հարաբերականորեն արագ, քանի որ այնտեղ առկա է տնտեսական բարդ իրավիճակ, մինչդեռ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, ուր բնակչության եկամուտները բարձր են, «կուշանան»:
Նրա խոսքերով` Ռուսաստանի իշխանությունների համար առավել վտանգավոր են միջին դասի բողոքի ակցիաները»: