Ոչ իշխանական ուժերը պահանջում են Իշխան Զաքարյանին. «Ո՞ւր է Իշխան Զաքարյանը»

ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկմանը ներկա չէ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը. զեկույցը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչը հարուցեց ոչ իշխանական պատգամավորների վրդովմունքը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ կանոկակարգի 101 հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ՎՊ հաշվետվության քննարկման ընթացքում հիմնական ելույթ է ունենում ՎՊ նախագահը, մինչդեռ այսօր նույնիսկ տեղակալի մակարդակով չի ներայացված. «Ու ընդհանրապես սա դառնում է պրակտիկա, նախարարը չի գալիս, տեղակալն է գալիս, շուտով վարչության պետերի մակադակով կգան»:

Փաշինյանը նշեց, որ մեկ տարի ուշացել է ՎՊ հաշվետվության քննարկումը, ի՞նչ իրավունք ունի Ի.Զաքարյանը ներկա չլինելու. «Նրա գործի անունը ԱԺ-ին հաշվետվություն տալն է: Ի.Զաքարյանը բավականին ժամանակ այս կողմերում չի երևում, գիտի, որ ունի լուրջ պրոբլեմներ և ՀՀ օրենսդրության ու քր. օրենսդրության հետ համադրելիության հարց կա: Պատշաճ մակարդակով քննարկելու համար պետք է դադարեցնենք այնքան ժամանակ, մինչև Ի.Զաքարյանը կներկայանա և ինքը կներկայացնի հաշվետվությունը»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համաձայնեց Փաշինյանի հետ՝ նշելով, որ 90-ականներից սկսած այս մշակույթը եղել է, ինքն էլ ջանքեր է գործադրում, որ ներկայանան նախարարի մակարդակով, բայց որևէ մեկը կարող է հարգելի պատճառով բացակայել: Նա նշեց, որ նախկինում Ի.Զաքարյանը մասնակցել է «մեկ առ մեկ»:

Գ. Սահակյանի խոսքով՝ հարցը լուրջ է և կոչ արեց այս դեպքում մի փոքր մեղմ վերաբերել. «Բայց Ձեր առաջարկությունն ինձ համար ընդունելի է, ընդունելի է ամբողջ խորհրդարանի համար»:

«Խնդիրը սկզբունքի մեջ է, կարծում եմ, սկզբունքային զիջումներ չպետք է լինեն: Հետաձգենք, թող գա ներկայացնի: Սա սկզբունքի հարց է»,- չհամաձայնեց Ն.Փաշինյանն ու հայտարարեց, թե այսպես շարունակվելու դեպքում՝ ինքը չի մասնակցի քննարկմանը:

Լևոն Զուրաբյանը նկատեց, որ նախկինում Իշխան Զաքարյանը հանդիպում էր ԱԺ խմբակցությունների հետ, քննարկում էին, իսկ հիմա կարծես արգելված է նրան ԱԺ գալ, ինչը օրենքի կոպիտ խախտում է. «Մեզ հետաքրքիր է՝ ինչ է կատարվում Իշխան Զաքարյանի հետ: Միգուցե իմպիչմենտի հիմքեր կան, գուցե նախագահն արգելել է»:

Նա կոչ արեց դադարեցնել «այս ապօրինի քննարկումը»: Ըստ Զուրաբյանի՝ խախտված է Սահմանադրությունը. «Հիմա ամենակարևոր հարցը սա է՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը»:

Գ.Սահակյանը միջամտեց, թե Իշխան Զաքարյանը արձարկուրդում է, չէր կարող իմանալ ԱԺ օրակարգը, որ մտածեր՝ տեսներ իր հաշվետվությունը լինելո՞ւ է, թե՞ չի լինելու. «Բոյկոտ ստեղծելուն համաձայն չեմ»:

Սեյրան Ավագյանը նշեց, որ Իշխան Զաքարյանը գտնվում է Հանրապետությունից դուրս. «Նա ունի աշխատանքյաին գրաֆիկ, ներկայացնում է ՎՊ-ն այլ երկրներում, մինչ այս քննարկումները վարել է Իշխան Զաքարյանը, հարցազրույցներ տվել է Իշխան Զաքարյանը և այլն»: Նա հավելեց, որ քրեական գործերի ճակատագիրը պետք է ճշտել դատախազությունից:

Տեսանյութեր

Լրահոս