«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց
Այսօր ԱԺ նիստում ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով փաստաթղթավորման պահանջը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս նախագծի ընդունումը ժամանակի ձգձգում է, իսկ հարցը հիմնավոր լուծում է պահանջում և վարչապետի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են շատ կարճ ժամկետում բերել նոր նախագիծ, որ կլուծի խնդիրը, դրա համար կողմ չեն, բայց դեմ էլ չեն լինի:
«Ժամանակը ձգել հնարավոր չէ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ նշեց, որ, ըստ պայմանավորվածության՝ պետք է միատեղված նախագծով առաջիկա երկու շաբաթում հանդես գան, իսկ 6 ամսվա մասին խոսք չի կարող լինել, դրա համար ձեռնպահ կքվեարկեն:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե կողմ են, որ օրենքն անցնի, չմնա վատ տարբերակը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք ևս ձեռնպահ կլինեն:
«Եթե քվեարկում եք, քվեարկում եք էս օրենքի համար՝ մինչև հուլիսի 1-ը»,- նախազգուշացրեց ԱԺ տնտեսկան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն էլ ձեռնպահ քվեարկի, ի՞նչ կլինի»,- հարցադրում արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարանն ու հավելեց, թե ՀՀԿ-ն կողմ կքվեարկի, որ հնարավորություն տան մյուս խմբակցություններին քննարկումների համար:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք այս անպատասխանատու քաղաքականության համար պատասխանատվություն չեն կրում, դրա համար ձեռնպահ կլինեն:
«Ողջունում եմ այլակարծությունը»,- արձագանքեց Գ.Սահակյանն ու հարցը դրեց քվեարկության և գրանցեց 75 կողմ, 1 դեմ ու 40 ձեռնպահ արդյունք: