«Բոլոր վերնախավերն անջրպետված են Հայաստանի հասարակությունից». Սոցիոլոգ
Սոցիոլոգիական տեսակետից այսօր Հայաստանի համար կարևորագույն խնդիր է հասարակության կոնսոլիդացումը՝ խուսափելու համար այն հնարավոր անկայունությունից, որն ուղղորդվում և տեղի է ունենում աշխարհի շատ երկրներում: Այս կարծիքին է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, սոցիոլոգ Սամվել Մանուկյանը:
Ըստ նրա, դեռևս 40 տարի առաջ կային սոցիոլոգիական կանխատեսումներ այն մասին, որ աշխարհը, աստիճանաբար, Ամերիկայի Միացյալ Նահանգների հեգեմոնիայի թուլացմանը համընթաց՝ գնալու է դեպի հասարակական անկայունությունների, պատերազմների վտանգներն աճելու են:
«Վերջին 20 տարիների ընթացքում բոլոր թույլ զարգացած երկրներում, այդ թվում՝ նաև հետխորհրդային երկրների մեծ մասում, առաջացել է հասարակության լայն շրջանակների և վերնախավերի միջև մեծ խզում: Բացառություն չէ նաև Հայաստանը: Հայաստանի հասարակության մոտավորապես 80 տոկոսը բացասական դիրքորոշումներ ունի ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև տնտեսական վերնախավերի և ամբողջ կուսակցական համակարգի նկատմամբ՝ անկախ նրանից՝ դրանք իշխո՞ղ կուսակցություններ են, թե՞ ընդդիմադիր»,- նշեց սոցիոլոգը:
Նրա խոսքով՝ բոլոր վերնախավերն անջրպետված են Հայաստանի հասարակությունից, և կարևորագույն բոլոր որոշումները, որոնք ընդունվել են վերջին 10-15 տարիների ընթացքում, որպես կանոն, ընդունելի չեն եղել հասարակության կողմից: Ըստ սոցիոլոգի՝ միակ բացառությունը Հայաստանի անդամակցությունն է ԵՏՄ-ին. «Սա միակ խոշոր աշխարհաքաղաքական և քաղաքական գործողությունն է, որն ընդունելություն է ստացել հասարակության բացարձակ մեծամասնության կողմից: Մոտավոր տվյալներով՝ հասարակության մոտ 80 տոկոսը կողմ է Հայաստանի ինտեգրմանը ԵՏՄ-ին: Սա հսկայական ռեսուրս է, որ կառավարությունը կարողանա կատարել արդյունավետ քայլեր՝ կոնսոլիդացնելու համար ամբողջ հասարակությունը և վերացնելու համար այն անջրպետը, որ կա այսօր Հայաստանում»: