Եվրամիությունը Հայաստան վերադարձած միգրանտների կողքին է
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստան վերադարձած միգրանտների վերաինտեգրմանը Հայաստանում: «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ Հայ օգնության միության և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ: Ծրագրի շնորհիվ Հայաստան վերադարձած 17 ընտանիք վերահաստատվել է Հայաստանում: Իր բիզնեսն է հիմնել 17 ձեռնարկատեր՝ արտադրություն և ծառայություններ առաջարկելով տարբեր ուղղություններով: Արդյունքում՝ ստեղծել է 55-60 աշխատատեղ: Գյուղտեխնիկա, հողագործություն, անասնապահություն, ջերմոցային տնտեսություն, մեղվապահություն, կահույքագործություն, թեթև արդյունաբերություն, տրանսպորտային ծառայություններ, սպասարկման ոլորտ և հացաբուլկեղենի արտադրություն. այսպիսով՝ մի քանի տասնյակ ընտանիք ապահովվել է մշտական աշխատանքով:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հունվարի 20-ին հանդիպում էր կազմակերպել Արտաշատ քաղաքում գործող միգրացիոն ռեսուրս կենտրոնում, որը հիմնադրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: