Սա լրջագույն սխալ է. Էդվարդ Սանդոյանը՝ ԿԲ որոշման մասին. 1in.am
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը անդրադարձել է ՀՀ Կենտրոնական բանկի այն որոշմանը, որով ՀՀ բանկերի նվազագույն կապիտալի չափը 5 մլրդ դրամից հասցվեց 30 միլիարդ դրամի։
«Այսօր 30 մլրդ դրամ և ավելի կապիտալ ունեցող հինգ բանկ ունենք: Իրենց կապիտալն այդքան դարձնելու հնարավորություն ունեն ևս յոթ-ութ բանկ: Այսինքն` ութ-ինը բանկեր կարող են այս որոշման պատճառով խնդրներ ունենալ: ԿԲ-ն հայտարարում է, որ այդ որոշումը կնպաստի փոքր բանկերի միավորմանը, փոքր բանկեր չեն լինի, բանկերն ավելի պաշտպանված կլինեն: Ես չեմ ընդունում այս մոտեցումը, իմ կարծիքով` սա լրջագույն սխալ է»,- ասել է Է. Սանդոյանը:
Նրա կարծիքով՝ սա շարունակությունն է այն լրջագույն սխալի, որը վաղուց իրականացվել է մեր երկրում. «Մենք ստեղծեցինք այնպիսի տնտեսություն, որտեղ բոլոր շուկաները օլիգոպոլացված են, կենտրոնացված են: Ըստ էության, մենք ստեղծել ենք պատմությանը հայտնի օլիգարխիկ տնտեսություն: Սա ամենավտանգավոր, ամենաանմրցունակ մոդելն է, որը բերում է մեր տնտեսության կործանմանը, խոչընդոտում է մեր հնարավորությունների զարգացմանը: Մենք այսօր ունենք մեկ շնչին հասնող 3500 դոլար ՀՆԱ, մեր կենսամակարդակով զիջում ենք անգամ 3600 դոլար ՀՆԱ ունեցող Վրաստանին, որի հետ անընդհատ համեմատվում ենք, և որը միշտ մեզ զիջել է: Էլ չեմ ասում զարգացած երկրների, օրինակ` Լյուքսեմբուրգի մասին, որտեղ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 111.000 դոլար է: Ես հաշվարկներ ունեմ, որ եթե մենք շարունակենք այսպես զարգանալ, 150 տարի հետո կարող է հասնենք միջին եվրոպական ցուցանիշներին: Ունե՞նք արդյոք 150 տարի պահուստային ժամանակ: Իհարկե, չունենք, մեզ պատմությունն այլևս նման հնարավորություն չի տվել: Մենք գտնվում ենք շատ ծանր զարգացումների դաշտում: Աշխարհում տեղի են ունենում լուրջ գործընթացներ, և մենք դա պետք է հաշվի առնենք»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում