Չինաստանում արգելափակել են Gmail փոստային ծառայությունը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի տարածքում նախորդ ուրբաթից արգելափակվել է Google-ի Gmail փոստային ծառայությունը: Դրանից ամիսներ առաջ այն գործել է ընդհատումներով:
Չինացի իրավապաշտպանները վստահ են, որ այդ հարցում մեղավոր են երկրի իշխանությունները, որոնք փորձում են այդ կերպ կիրառել գրաքննություն: GreatFire.org-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր կարծիքով կառավարությունը փորձում է շարունակել Չինաստանում Google ընկերության ներկայության վերացմանն ուղղված աշխատանքները:
Նրա խոսքերով՝ այդ միջոցն օգտատերերին հարկադրում է անցում կատարել մյուս մատչելի փոստային ծառայություններին, ինչին և ձգտում են հասնել Չինաստանի իշխանությունները:
Ավելի վաղ Չինաստանում արգելափակվել էր Instagram սոցցանցը: Բացի այդ, կառավարությունն արգելել էր պետհիմնարկներում օգտագործել Windows 8 օպերացիոն համակարգեր և կանոնավորապես խուզարկություններ է իրականացնում Microsoft ընկերության գրասենյակում: