Ստամբուլը ցանկանում է Գրինվիչից հետ վերցնել զրոյական միջօրեականի անցնելու կարգավիճակը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Ստամբուլը ցանկանում է Գրինվիչից հետ վերցնել զրոյական միջօրեականի անցնելու կարգավիճակը:
Ընդգծվում է, որ նախկինում` դեռևս 4-րդ դարից, այն պատկանել է Ստամբուլին (Կոստանդնուպոլսին), իսկ Գրինվիչին անցել է մոտ 130 տարի առաջ: Այս մասին հայտարարել է Ստամբուլի Այդընի համալսարանի` Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ Յալչըն Քոչաքը:
Նա հիշեցրել է, որ Հռոմի կայսր Կոնստանդին 1-ին Մեծը 4-րդ դարում Կոստանդնուպոլսի կենտրոնում Սուրբ Սոֆիայի տաճարի առջև, կառուցել է Milliarium (թուրքական տարբերակը` Milyon Taşı) մարմարե սյունը, որից էլ սկսել են հաշվարկել կայսրության բոլոր ճանապարհների երկարությունը.
«Ասում են Արևելյան Հռոմ ու Արևմտյան Հռոմ, սակայն նրանցից ո՞րն է արևելքը, և ո՞րն է արևմուտքը: Գրինվիչի համաձայն` այս երկուսն էլ արևելք են ընկնում: Նշանակում է, որ այս երկուսի միջև անցկացվել է «արևելք-արևմուտքի» գիծ: Այդ գիծը Սուրբ Սոֆիայից էլ հին է:
Աշխարհի ո՞ր մայրաքաղաքում է մեկ տեղում նշվել մյուս մայրաքաղաքների հետ հեռավորությունը: Որևէ տեղում չկա այն` բացառությամբ Ստամբուլի, այն նշված է եղել Milyon Taşı-ի վրա: Զրոյական միջօրեականն անցնում էր Ստամբուլով: Ցայժմ 15 երկիր օգտագործում է Ստամբուլի ժամային գոտին և ոչ թե GMT-ը (Greenwich Mean Time)»:
Քոչաքը հավելել է, որ 1884 թվականին Վաշինգտոնում կազմակերպված աշխարհագրական մեծ համագումարում որոշվել է, որ զրոյական միջօրեականն անցնում է Գրինվիչով: