Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ.
«Պետք է մանրակրկիտ պատրաստվել այդ հանդիպմանը: Պետք է շատ լավ պլանավորել հանդիպումը, պետք է այն պատրաստել նրան, որ այն լինի արդյունավետ: Այդ հանդիպումը չպետք է կայանա միայն հանդիպման համար: Ես դեռ մտածում եմ, վաղ է ասել, թե երբ կամ ինչպիսի ձևաչափով տեղի կունենա այն»:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրավիրվել է հաջորդ տարվա մայիսին ժամանել Մոսկվա` մասնակցելու համար Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Իսկ դրանից առաջ էլ Վրաստանի ԱԱԽ-ի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին հայտարարել էր, որ Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` պայմանով, որ դրանում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների գլխավոր խնդիրները: