Իրանը հերքել է Հովհաննես Պողոս 2-րդի դեմ մահափորձին Խոմեյնիի մասնակցությունը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Սերբիայում Իրանի դեսպանատունը հերքել է թուրք ահաբեկիչ Մեհմեթ Ալի Աղջայի հայտարարությունն այն մասին, թե իրանցի առաջնորդ, այաթոլլահ Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնին իրեն հրամայել է 1981 թվականին սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդին:
Դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշված է. «Իմամ Խոմեյնին իր հարուստ հոգևոր կյանքում շատ լավ հարաբերություններ է պահպանել տարբեր կրոնների ու մասնավորապես Հռոմի պապի հետ»:
Ավելի վաղ սերբական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Աղջան կրկնել է իր «Ինձ դրախտ էին խոստացել» գրքում ներկայացրած խոսքերը, որ Հռոմի պապի դեմ մահափորձի հետևում կանգնած է եղել այաթոլլահ Խոմեյնին:
Աղջան Հռոմի պապի դեմ մահափորձն իրականացրել է 1981 թվականի մայիսի 13-ին, Հռոմում: Հռոմի պապը միայն վիրավորվել էր: