Բաժիններ՝

Դուք դեռ չե՞ք մահացել։ Դա Ձեր խնդիրն է…

ԽՍՀՄ խնայբանկում իրենց ավանդները վստահած տարեցներից շատերը վաղուց ավանդել են իրենց հոգիները՝ այդպես էլ չիմանալով, որ իրենց ավանդները մի օր վերադարձվելու են: Նրանք, ովքեր ողջ են մնացել, այնպես չէ, որ այդ մտքից խանդավառված են, քանի որ տարիքի բերումով այնքան էլ լավ չեն պատկերացնում իրականությունը: Բանն այն է, որ ըստ «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին օրենքի»՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների՝ մինչև 1929-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամների ավանդները պետությունը փոխհատուցում է՝ սահմանված կարգով:

Մինչև 1929թ. ծնված՝ նշանակում է, որ փոխհատուցում ստանալու ենթակա «ամենաերիտասարդ» տարեցը պետք է լինի առնվազն 85 տարեկան:
Նրանք, ովքեր 85 տարեկանը սահմանել են՝ որպես ավանդի փոխհատուցում ստանալու նվազագույն տարիք, հավանաբար, չեն տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ, չունեն երակների լայնացում, չունեն օստեոխոնդրոզ ու սրտի առիթմիա: Եվ կամ օրվա մեջ ձեռքը մի քանի անգամ չեն մեկնում կատվախոտի թուրմի սրվակին՝ դասական 30 կաթիլն ընդունելու: Հակառակ դեպքում՝ երբևէ իրենց հարց կտային. «Տեսնես, որքա՞ն կապրեմ ես»:

Իսկ այդ հարցի պատասխանը գտնելու համար կարելի է մտնել համացանց ու պարզել, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 73,9 տարի է: Այսինքն՝ եթե փոխհատուցում են 1929-ի ծնվածների խնայողությունները, ապա շատ հեշտ է հաշվել՝ 1929 + 73, ստացվում է 2002: Հետևաբար, 1929 թվականին ծնվածների մեծ մասըգ դե, ինչպես ասեմ, որ շատ ուղիղ չհնչիգ արդեն չկան ընտրողների ցուցակում: Եվ ոչ էլ անգամ թոշակառուների ցուցակում: Թեև Հայաստանում մահանալ՝ դեռ չի նշանակում` զրկվել ընտրելու հնարավորությունից և կամ թոշակ չստանալ:

Հիմա դրսում 2014-ն է: Ուրեմն, կրկնենք, փոխհատուցման կարող են հավակնել 85 տարեկան և բարձր տարեցները:

Սակայն խնդիրն այս դեպքում անգամ այն չէ, որ գոնե ողջ մնացած տարեցները կարողանան իրենց ավանդները ստանալ: Օրենքը նախապայման ունի՝ ավանդները վերադարձվում են միայն նրանց, ովքեր սոցիալապես անապահով խմբերում են: Դրա համար 85 և ավելի տարիք ունեցող ավանդատուն պետք է հասնի տարածքային սոցիալական բաժին, լրացնի բազմաթիվ թղթեր՝ իր տան հասցեով գրանցված ավտոմեքենա կա՞, թե՞ ոչ, ո՞ւմ խնամակալության տակ է, ընտանիքում քանի՞ անդամ կա, ո՞վ որտե՞ղ է աշխատում և ի՞նչ աշխատավարձով, և այլն, և այլն: Եթե պարզվի, որ տարեցը ծայրահեղ թշվառ վիճակում չէ, ուրեմն կարող է մոռանալ փոխհատուցման մասին: Առանց անապահովության ցուցակում ընդգրկվելու՝ տարեց մարդը չի էլ կարող հավակնել փոխհատուցում ստանալուն:

Սակայն կա ավելի մեծ խնդիր. 85 և ավելի տարիք ունեցող մարդիկ՝ ի տարբերություն այս օրենքի հեղինակների, ունեն բազմաթիվ հիվանդություններ, տեղաշարժման բարդություն, լսողական, տեսողական խնդիրներ և պարզապես տեղյակ չեն, որ իրենք ավանդները փոխհատուցելու հնարավորություն ունեն:

Ամուսնուս 89-ամյա տատիկին բարեկամուհին է տեղեկացրել, որ, այսպես ու այսպես, ավանդները վերադարձնում են: Իսկ եթե բարեկամուհին չասե՞ր: Միայն չասեք, թե դա պետության խնդիրը չէ, պարտավոր էիք իմանալ: Եթե որևէ մեկս մեր ֆինանսական կամ բարոյական պարտականությունը պետության հանդեպ փորձենք չկատարել, բազմաթիվ կառույցներ անմիջապես կստիպեն քեզ հիշել՝ որտեղ են ձմեռում խեցգետինները: Ու այն փաստը, որ դու տվյալ օրենքի կամ որոշման մասին տեղեկացված չես եղել, և դա է պատճառը, որ պարտականություններդ թերացել ես կատարել, ամենևին մեղմացուցիչ հանգամանք չի դիտվի: Կարո՞ղ է մի երիտասարդ ժամանակին չներկայանալ զինկոմիսարիատ և դա հիմնավորել, թե տեղյակ չէր: Նրան կպատժեն օրենքի ողջ խստությամբ:

Սակայն, երբ այս տարեց, անպաշտպան մարդկանց խնայողությունները պետք է վերադարձվեն, այն էլ՝ երկարատև փաստաթղթային քաշքշուկներից, օրենքով բազմաթիվ սահմանափակումներից հետո, նրանց ինֆորմացված չլինելը որևէ կառույցի չի հետաքրքրում: Տեղյակ չեն, ուրեմն թող չստանան:

Պետությունը շահագրգռված է, որ այս մարդիկ մահանան՝ փոխհատուցումը չստացած, քանի որ, խոշոր հաշվով, տարեց թոշակառուները պետության համար բեռ են: Բնության օրենքն այս դեպքում տարեց մարդկանց ավանդների փոխհատուցման ծրագրի առանցքն է. մարդիկ, արի ու տես, 85 տարեկանից շուտ են մահանում կամ էլ մահանում են փաստաթղթերն ի մի բերելու շրջանում: Իսկ մահն, արդեն, պետությանը թույլ է տալիս իր պարտավորությունները խզված համարել ավանդատուի հետ:

Սակայն մի՞շտ է պետությունն այսքան անտարբեր իր տարեցների հանդեպ: Բացառություններ լինում են: Խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընտրողների կորիզը տարեց, հիշողությունը կորցրած կամ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող տարեցներն են, որոնց մեկ առ մեկ գտնում են տներից, 5000 դրամ վճարում ու երթուղայիններով կազմակերպում նրանց անվտանգ երթևեկությունը՝ դեպի ընտրատեղամաս ու ետ:

Ընտրությունները, թերևս, միակ դեպքն է, երբ պետությունը ծայրահեղ հոգատար է տարեցների հանդեպ: Երկրի առաջին դեմքերը հավանաբար վստահ են, որ ծերությունն ու մահն իրենց դեպքում բացառություն են անելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս