Բաժիններ՝

Քաղաքապետարանը խոչընդոտում է…

«Սիգարոնը» հայկական այն եզակի ապրանքանիշերից է, որը մեծ ճանաչում ունի միջազգային շուկայում, իսկ «ՍՊՍ Սիգարոն»-ը հայրենական այն լավագույն արտադրողներից մեկն է, որն իր գործունեության մեկ ու կես տասնամյակների ընթացքում ծանրակշիռ ավանդ է ունեցել Հայաստանի տնտեսության հզորացման և Հայաստան պետության վարկանիշը միջազգային շուկայում բարձր պահելու գործում:
Այդ տարիներին բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարվեցին: Շատերը կհիշեն համաշխարհային ծխախոտային խոշոր ընկերություններից մեկի՝ «Դավիդոֆֆ» ապրանքանիշի իրավատեր «Ռեմսթմա» ընկերության կողմից «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի արտադրանքը Բենիլյուքսի երկրներից դուրս հանելու դատական հայցը: Այդ գործով Ամստերդամի միջազգային դատարանը «Ռեմսթմա» ընկերության հայցը մերժեց, և հօգուտ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի վճիռ կայացվեց: Նման խոչընդոտները բիզնես մրցակցության տեսանկյունից կարելի է ընկալել և հասկանալ, հատկապես, եթե այդ խոչընդոտներն օտարի կողմից են գալիս:

Բայց երբ խոչընդոտների ես հանդիպում հարազատ երկրում, այն էլ` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ օրենսդրության աղճատված մեկնաբանությունների հիմնավորմամբ, մեղմ ասած՝ ուղղակի տարակուսանք է առաջանում, և կամա թե ակամա մտածում ես քողարկված անձնական շահերի և ուղղորդումների մասին:

Ինչո՞ւմ է խնդիրը…

Ըստ Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և գովազդի բաժնի աշխատակցի բանավոր հայտարարության` Մաշտոցի 18 շենք, տարածք 50 հասցեում՝ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ընկերության ֆիրմային խանութի ճակատային մասում առկա գրառումները ենթակա են ապամոնտաժման, քանի որ այդ գրառումները, ըստ իրենց, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են ծխախոտի «հովանոցային» գովազդ: Այնինչ այդ գրառումներն առկա են դեռևս 1999 թվականից:

Իսկ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի (ներկայիս խմբագրությամբ գործում է 31.01.2006-ից) համաձայն՝ արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով: Նույն օրենքում «հովանոցային գովազդ» հասկացությունը ներառվել է 2007 թվականից:

Այսինքն, անցած տարիների ընթացքում օրենքին չհակասող գրառումները, ըստ ապամոնտաժման պահանջ ներկայացնող պաշտոնատար անձի՝ մեզ անհայտ պատճառներով, այժմ հակասում են օրենքին:

2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում, «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի, Մաշտոցի 18/50 հասցեում գտնվող ֆիրմային խանութ են ժամանել մի խումբ անձինք, որոնցից մեկը ներկայացավ քաղաքապետարանի ՓԲԸ-ի պետ, իսկ մյուսը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ: Վերջիններս չներկայացնելով որևէ փաստաթուղթ (որոշում, արձանագրություն և այլն), իրենց հետ ժամանած անձանց միջոցով տեխնիկայի գործադրմամբ, ապօրինաբար ապամոնտաժել են ընկերության անվանմամբ հայերեն և անգլերեն գրառումներով ցուցանակները:

Քաղաքապետարանի ներկայացուցիչների ապօրինի գործողությունների կապակցությամբ՝ ժամը 15:09-ին, զանգահարել ենք Ոստիկանություն: Մինչ Ոստիկանության աշխատակիցների ներկայանալը քաղաքապետարանի ներկայացուցիչները հապճեպ լքել են տարածքը: Ոստիկանության աշխատակիցները ներկայանալով Երևան քաղաքի, Մաշտոցի 18/50 հասցե` դեպքի կապակցությամբ համապատասխան արձանագրություն են կազմել:

Սա` այն դեպքում, երբ «ՍՊՍ Սիգարոն»-ը Հայաստանի այն եզակի ընկերություններից է, որը կարողացել և շարունակում է միջազգային շուկայում Հայաստանը ներկայացնել նորարարական գաղափարների լույսի ներքո: Ավելին, այդ գաղափարների ծնունդ հանդիսացող ընկերության նոր սերնդի նվազ վնասակար սիգարետները, ընդամենը երեք ամիս է` ինչ շուկա են մտել, բայց արդեն հասցրել են զգալի պահանջարկ ձևավորել թե ներքին և թե արտաքին շուկայում:

Ընկերության ֆիրմային խանութի վաճառքի ծավալներն օրեցօր նկատելի աճ են արձանագրում: Իսկ որ ընկերության ֆիրմային խանութի հաճախորդների ճնշող մեծամասնությունն օտարերկրյա զբոսաշրջիկներն են, արդեն արձանագրված փաստ է: Երևանով, հատկապես Մաշտոցի պողոտայով քայլելիս օտար ապրանքային նշանների, իրենց ֆիրմային խանութներով ներկայացած ըկերությունների շարքում գրեթե անհնար է գտնել հայկականը, այն էլ` այնպիսին, որը ճանաչված և գնահատված է արտերկրում, որն ունակ է միջազգային շուկայում նոր խոսք ասել: Նման պայմաններում համաշխարհային ճանաչում ունեցող հայաստանյան «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի անվանումը վերջինիս պատկանող Երևանյան ֆիրմային խանութի վրա զետեղելը` սպառողին տեղեկացնելու իմաստով, ծայրահեղ կարևոր է:

Ինչ վերաբերում է օրենքին, ապա պետք է փաստել, որ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի ֆիրմային խանութի ճակատային մասում զետեղվածը ոչ թե գովազդ է, այլ՝ ընկերության կանոնադրությամբ ամրագրված ֆիրմային անվանումը (ցուցանակ), որի զետեղումը, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ պարբերությունների իմաստով, օրենսդրական պահանջ է: Իսկ Երևանի քաղաքապետի՝ 27.04.2006թ. N 640-Ն որոշման հավելված 1-ի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի հ. 270 որոշման պահանջներին համապատասխան տեղադրվող ցուցանակների վրա զետեղվող տեղեկատվությունն արտաքին գովազդ չի համարվում: Այսինքն, «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի ֆիրմային խանութի ճակատային մասում առկա գրառումներն ընկերության (արտադրողի) անվանումներն են և միտված են ապահովելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահպանումը:

Հարկ է նշել, որ «Սիգարոն»-ի նոր սերնդի բարձրակարգ ապրանքատեսակները բացառիկ երևույթ են համաշխարհային ծխախոտային արդյունաբերության ոլորտում, համալրված բազմաթիվ հեղափոխական նորամուծություններով, որոնցից առանցքային են նորարարական, կոնդիցիոնման տեխնոլոգիայով մաքրազտված ծխախոտափունջը և ընկերությունում ստեղծված, ծխի առավելագույն զտում ապահովող, բնական նյութի՝ ՊԵՌԼԻՏԻ հիմքով կոմբինացված ԵՌԱՇԵՐՏ ՖԻԼՏՐ-ԾԽԱՓՈՂԸ:

Աշխարհում առաջին անգամ կիրառվող տեխնոլոգիաների, իմա` բազմափուլ մաքրազտման և ֆիլտրացիայի աննախադեպ մոդելի շնորհիվ հաջողվել է ստեղծել սիգարետներ, որոնցում էապես նվազեցված են ծխելու հետևանքով առաջացող սիրտ-անոթային, օնկոլոգիական և բրոնխիալ հիվանդությունների ռիսկերը՝ սկիզբ դնելով համաշխարհային ծխախոտարդյունաբերության նոր դարաշրջանի: Եվ նման ընկերության հանդեպ տեղական իշխանության կողմից «կաղ փաստարկների» օգնությամբ խոչընդոտներ հարուցելը նվազագույնն ապօրինության դրսևորում է:

Ամփոփելով վերոշարադրյալը, վստահորեն կարել է փաստել, որ Մաշտոցի 18 շենք, թիվ 50 հասցեում գտնվող «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի ֆիրմային խանութի ճակատային մասում առկա գրառումները ոչ միայն չեն հակասում ՀՀ գործող օրենսդրության պահանջներին, այլև բխում են օրենսդրական պահանջներից՝ հանդիսանալով արտադրողի կողմից սպառողին հայտնվող տեղեկատվություն: Այդ տեղեկատվությունն ուղղված է ոչ միայն հայ սպառողին, այլ նաև օտարերկրացուն՝ զբոսաշրջիկներին, որոնք տեղեկատվությունից զատ` իրենց հետ նաև հայկական բարձրակարգ արտադրանք են տանում` ի ցույց աշխարհի, որ Հայաստանի գիտական և գործարար միտքն ունակ է համաշխարհային տնտեսական զարգացումների հետ համաքայլ շարժվել, որոշ դեպքերում` նույնիսկ առաջ անցնել: Իսկ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցներին չէր խանգարի վերջապես գալ այն գիտակցմանը, որ իրենց ապօրինի գործողություններով գոնե չխանգարեն տնտեսվարող սուբյեկտներին:

«Սիգարոն» ՍՊԸ լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս