Վլադիմիր Գասպարյան. Ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ

Լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ օրերս «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի վրա հարձակում էր եղել: Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է մեկնաբանում, որ հարձակումը եղել է ոստիկանապետի տեղակալի հետ հանդիպումից հետո: «Այս վերջին ժամանակներս շատ հաճախակի է դարձել լրատվամիջոցներով, համացանցով հայտարարություններ անել, բաների մասին պատմել: Իրենք հրամանատարներ են, իրար հետ նստել են, իրար հետ գինարբուք են արել, և ես հետո լրատվամիջոցներում տեսնում եմ հայտարարություններ: Կարծում եմ՝ նրանք իրար շատ լավ ճանաչում են և հարց լինելու դեպքում կդիմեն մեզ»,- ի պատասխան ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Դիտարկմանը, որ ոստիկանությունից կադրերի արտահոսք է տեղի ունենում, և հարցին՝ արդյոք դա իր քաղաքականության արդյունքն է, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց, որ ոստիկանությունից գնում են բոլոր նրանք, ովքեր «նոր համազգեստի մեջ չեն տեղավորվում» իրենց մտածելակերպով և վարքագծով:

Հարցին՝ արդյոք սառը ցնցուղից վախեցա՞ն, որ թեժ աշուն չեղավ, ոստիկանության պետը պատասխանեց. «Չէ, երևի եղանակներից, տաք չի եղել»: Դիտարկմանը, որ հասարակության մոտ դեռևս անվստահություն կա ոստիկանական համակարգի նկատմամբ, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Հասարակության մեջ կա անսվտահություն դեռևս և ոստիկանության, և իմ սիրելի լրագրողներ և ձեր նկատմամբ, և բոլորի նկատմամբ»: Լրագրողներից մեկի դիտարկմանը «մենք կոտրել ենք կարծրատիպերը», Վլադիրմիր Գասպարյանն այսպես արձագանքեց. «Ձեզ թվում է՝ կոտրել եք: Իմ մոտ, որ դիմումները տեսնեք, կհասկանաք, որ դուք հեչ չեք կոտրել»:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր նշել է, որ խնդիրներ կան խաղաղ հավաքների հետ: Լրագրողների հարցին՝ արդյոք ընդունո՞ւմ է, որ նման խնդիր կա, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Իհարկե, կան խնդիրներ, կան խնդիրներ, շատ ավելի շատ են եղել խնդիրները: Մենք, կարծում եմ՝ այդտեղ առաջընթաց ունենք, ակնկալում եմ, որ մի քիչ էլ… ժամանակի ընթացքում»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչի կբերի Գագիկ Ծառուկյանի շարժումը՝ մանավանդ որ Վ. Գասպարյանը «ասում են՝ նրա թիրախն է». «Դա ես չգիտեմ՝ ում ֆանտազիան է: Ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս