Christmas Market-ը մեկամսյա տոնի է հրավիրում Հյուսիսային պողոտա
Երևանի սրտում` Հյուսիսային պողոտայում, բացված Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառով մեկնարկեցին քաղաքային տոնակատորությունները: Հեքիաթային տնակներով, տոնածառներով, ձմեռ պապիկներով և ամանորյա բազմապիսի հուշանվերներով լեցուն տոնավաճառը մինչև տոների ավարտը հնարավորություն կտա քաղաքացիներին ձեռք բերել նվերներ և մասնակիցը դառնալ տոնական խրախճանքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չորրորդ տարին անցկացվող Christmas Market-ի կազմակեպիչը լիբանանահայ Պիեռ Բաղդադյանն է, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ ցանկանում էր Հայաստանում էլ տեսնել նախատոնական այն եռուզեռը, ինչպիսին հանդիպել է եվրոպական երկրներում:
«Ուրախ ավանդույթը Եվրոպայում 300 տարվա պատմություն ունի, իսկ Հայաստանում միջոցառումը չորրորդ անգամ է իրականացվում: Հայաստանը միակն է տարածաշրջանում, որ ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոնավաճառ է կազմակերպում: Այս ամենը ծրագրելով` մենք ցանկանում ենք, որ հայ ժողովուրդը նախատոնական օրերին միշտ ժպտա ու ուրախ ժամանակ անցկացնելու եւս մեկ վայր ունենա: Նախաձեռնությունն իրագործվել է կազմակերպիչներին ընծայված հավատի շնորհիվ»,-ասաց Բաղդադյանը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում եւս տոնական այս ձեռնարկը ավանդույթ կդառնա` լավ, բարի եւ ուրախ տոն պարգեւելով հայաստանաբնակներին եւ հյուրերին: Կազմակերպիչը չմոռացավ շնորհակալություն հայտնել նաեւ աջակիցներին ու իրենց նախաձեռնությանը հավատացողներին, մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանին: «Հենց քաղաքապետարան- մասնավոր հատված համագործակցությունն է կյանք տվել Christmas Market ձեռնարկին»,- հավելեց նա:
Տոնավաճառի բացման պատիվն ընձեռվել էր հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին: Կազմակերպիչների խոսքով` խորհրդանշական այդ առաքելության գաղափարախոսության հիմքում դրվում է այն, որ տվյալ անձնավորությունը պետք է Հայաստանի դրոշը պատվով ծածանած լինի աշխարհի որեւէ կետում:
Արսեն Ջուլֆալակյանը բոլորին խորհուրդ տվեց այցելել ամանորյա տոնավաճառին` վստահեցնելով, որ այնտեղ կստանան միայն դրական էմոցիաներ: «Անչափ հաճելի է տեսնել դրական տրամադրություն, ժպիտ, երգ-պար: Ինչպես խոստացել էինք, այստեղ ապահովված են միայն դրական էմոցիաները: Այնպես որ, հաճախ համեցեք, հաճախ եղեք այստեղ եւ վայելեք դրական տրամադրությունը, որ կարելի է ստանալ Christmas Market-ում»,- ասաց նա:
Christmas Market-ի բացման արարողությունն ուղեկցվում էր մանկական երգչախմբի ամանորյա կատարումներով, իսկ տաղավարները լի էին այցելուներով, ովքեր նվերներ էին պատրաստում Ամանորին ընդառաջ: Հյուսիսային պողոտայում շուրջ 30 ինքնատիպ և տոնականորեն ձևավորված հատուկ տաղավարները կգործեն մինչ հունվարի 7-ը, ամեն օր՝ ժամը 13:00-ից 22:00-ը: