Բաժիններ՝

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ. Հայոց ցեղասպանության խնդիրը 2015 թ. հետո չի դադարում գոյություն ունենալ

«Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման պահանջատերն ամբողջ հայությունն է, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը»,- այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:

Ներկայացնելով խնդրի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը` նա նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանն այսօր իրականացնում են համաձայնեցված հակահայկական քաղաքականություն, ուստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար ունի նաև ազգային անվտանգության տարր, բայց հիմնական շարժառիթը համամարդկային արժեքն է, որովհետև Մեծ Եղեռնի կազմակերպիչների անպատժելիությունը ճանապարհ հարթեց մյուս ցեղասպանության` հրեաների հոլոքոստի համար: Դրա ապացույցը Հիտլերի հայտնի խոսքերն են`«ո՞վ է այսօր հիշում հայերի մասին»:

Միաժամանակ Հայաստանը, ըստ Արսեն Ավագյանի, Հայոց ցեղասպանության ճանաչումը չի դիտում` որպես նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման, այն է` սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների համար:

Ցեղասպանության հարցում Հայաստանն առաջնորդվում է երկու կարևոր հիմնադրույթներով. «ՀՀ իշխանությունները մշտապես նշել են, որ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը, ինչպես ճանաչում, հատուցում և այլ հարցերը, ոչ միայն պետության, այլ ամբողջ հայության խնդիրն են, և ամբողջ հայությունն է հանդիսանում պահանջատերն այդ հարցով:

Երկրորդը, մեզ համար անընդունելի է որևէ մակարդակով արվող որևէ հարցադրում, որը կասկածի տակ է դնում կամ առաջարկում է բանավիճել Հայոց ցեղասպանության փաստի և իրողության մասին: Հայոց ցեղասպանության փաստն անժխտելի է ոչ միայն մեզ, այլև միջազգային հանրության համար: Այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դեռևս չի իրականացվել, դրա խոչընդոտը ոչ թե լրացուցիչ հիմնավորումների պակասն է, այլ պարզապես միջազգային հարաբերություններում Թուրքիայի քաղաքական կշռի և նրա հարաբերությունները վատթարացման կամ կարևորության պատճառներն են»:

ԱԳՆ պաշտոնյան ասաց, որ 2005 թվականից Թուրքիան փորձում է Հայաստանին ներքաշել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումների շուրջ և առաջարկում  ստեղծել պատմաբանների հանձնաժողով, բայց այդպես էլ չնշեց հայտնի փաստը, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ արտգործնախարարը Թուրքիայի արտգործնախարարի հետ միասին Ցյուրիխում ստորագրել էր հայ-թուրքական արձանագրությունները, որում կար կետ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին:

Խնդիրը հասկանալու և դրան հետամուտ լինելու համար հարկավոր է գիտակցել, որ  Թուրքիայում չկա տարբերակում Հայոց ցեղասպանության ճանաչման, հատուցման կամ այլ հարցեր միջև,- ասում է Արսեն Ավագյանը:

Դեռևս 1990-ական թթ. Թուրքիայի մի խումբ գիտնականների կողմից մշակվել է, այսպես կոչված, չորս «T»-ի քաղաքականությունը, որը կարծրատիպ է Թուրքիայի համար: Թուրքիայում ձևավորվել է հետևյալ պատկերացումը, որ ԱՍԱԼԱ-ի առաջնորդ Գուրգեն Յանիկյանի կողմից 1972 թ. ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին և փոխհյուպատոսին սպանելուց մինչև 1991 թ. հայերը տարել են ազգայնականության վերականգման փուլը, Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր հայերը հետապնդում են ճանաչման խնդիրը, որին հետևելու է երրորդ փուլը` հատուցումը, իսկ չորրորդ փուլը լինելու է Հայաստանի կողմից Թուրքիային ներկայացվելիք տարածքային պահանջները: Այս չորս փուլերի անվանումները թուրքերենում սկսվում են «T» տառով:

Արսեն Ավագյանի խոսքով` ընդհանրապես թուրք քաղաքական գործիչները շատ քիչ են օգտագործում «Հայոց ցեղասպանություն» տերմինը, փոխարենը խոսում են «հայկական հարցի» մասին, որի տակ հասկանում են ոչ միայն ցեղասպանության հարցը, այլև Լեռնային Ղարաբաղի խնդիրը. «Պատահական չէ, որ 1993 թ. Թուրքիայի վարչապետ Բ. Էջևիթը հայտարարեց. «Հայերի համար Լեռնային Ղարաբաղն առաջին փուլն է: Եթե նրանք անցնեն այդ փուլը, բարձրացնելու են Նախիջևանի հարցը, դրանից հետո գալու է Կարսի ու Արդահանի հարցը: Եթե չեք ուզում խնդիրը հասնի մինչև Թուրքիա, պետք է կանգնեցնել առաջին փուլում»: Այսինքն` Թուրքիայի համար սա մի խնդիր է»:

ԱԳՆ ներկայացուցիչն ավելացրեց, որ Թուրքիայի գործող իշխանություններն այսօր իրականացնում են «խելոք ժխտողականության» քաղաքականությունը` ասելով, թե եղել են կոտորածներ, բայց դրանք չորակելով «ցեղասպանություն» բառով: Այսպիսով, Թուրքիան իր խորամանկ մոտեցմամբ փորձում է միջազգային հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ ինքը դուրս է գալիս ժխտողականությունից և ձեռք է մեկնում հայերին: Եվ այս քաղաքականության լավագույն դրսևորումը Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս վարչապետ Դավութօղլուի կողմից առաջ քաշված «արդար հիշողության» գաղափարն էր:

«Մենք ինչ էլ անենք, պետք է նայենք ապագային` 2015 թ. հետո, և այս խնդիրը 2015 թ. հետո չի դադարում գոյություն ունենալ, ընդհակառակը` ավելի ուժեղ թափով պետք է առաջ տանենք` հատկապես հաշվի առնելով, որ քաղաքական իրավիճակները փոխվում են, և պետություններն էլ, որոնք նախկինում շատ ուժեղ դիրքերում են եղել, գնալով կարող են թուլանալ: Եվ մենք պետք է պահանջատեր լինենք մեր խնդրին բոլոր փուլերում և պատրաստ ենք հարկ եղած դեպքում ներկայացնել մեր ձեռքի տակ եղած թղթապանակները տարբեր ատյաններին»,- իր խոսքը եզրափակեց Արսեն Ավագյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս