«Աշխարհը կլինի երևակայությանը հասու ամենասարսափելի պատերազմի վտանգի առջև, քանի դեռ Պուտինին չեն զսպել…»

Հարցազրույց Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, ԱՄՆ-ի Պետքարտուղարության նախկին հատուկ խորհրդական, քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլի հետ (սկիզբը՝ այստեղ.)

– Ինչպե՞ս կգնահատեք Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները ներկա փուլում, մասնավորապես` Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների և նավթի համաշխարհային գների անկման համատեքստում: Անցյալում նավթի գների անկումն արդեն մեկ անգամ հանգեցրել է ԽՍՀՄ փլուզմանը: Որքանո՞վ է այս նախաձեռնությունը քաղաքական այսօր, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ աշխարհաքաղաքական երկու բևեռների դիմակայությունը:

– Վլադիմիր Պուտինի ներխուժումն Ուկրաինա աշխարհը մոտեցրել է համաշխարհային պատերազմին ավելի շատ, քան երբևէ՝ վերջին 50 տարիների ընթացքում: Նա խախտել է 20-րդ դարի երեք հիմնական համաձայնագրերը: Դրանցից 1-ինը (1991 թ.) կոչ էր անում հարգել հետխորհրդային պետությունների տարածքային ամբողջականությունը, երկրորդն (1945 թ.) ասում էր, որ քաղաքացիությունն ավելի կարևոր է, քան ազգությունը, իսկ երրորդը (1919 թ.)` ամրագրում, որ ազգային պետությունները և ոչ թե կայսրություններն են միջազգային համակարգի կազմակերպությունների զարգացման հիմքը: Քանի դեռ Պուտինին չեն զսպել, քանի դեռ նա չի նահանջել կամ չի փոխարինվել, և Մոսկվայի նոր իշխանությունը չի փոխել իր քաղաքականությունը, աշխարհը կլինի երևակայությանը հասու ամենասարսափելի պատերազմի վտանգի առջև:

– Ձեր կարծիքով՝ կողմերը «զրոյական ելքով խա՞ղ» են խաղում:

– Սա բոլորի համար «զրոյական ելքով խաղ» չէ: Ե՛վ Ռուսաստանի ժողովուրդը, և՛ ընդհանրապես բոլորը կշահեն, եթե Մոսկվան չդիմի ագրեսիայի և ագրեսիայի սպառնալիքի: Միակ մարդը, ում համար սա «զրոյական ելքով խաղ» է՝ Պուտինն է. նա այնպիսի դիրք է գրավել, որից ետ քաշվելը, ըստ ամենայնի, չափազանց դժվար կլինի նրա համար, եթե ոչ` անհնարին:

– Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամը Հայաստանի վրա, հատկապես, երբ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ:

– Ես շատ եմ ափսոսում, որ Հայաստանը միացավ Մոսկվայի գերիշխանությամբ Եվրասիական տնտեսական միությանը: Ափսոսում եմ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը սահման չունի ԵՏՄ անդամ պետություններից որևէ մեկի հետ (դրանով նա փաստացի վիրտուալ կերպով հրավիրում է Ռուսաստանին ներխուժել Ադրբեջան և Վրաստան), այլև այն պատճառով, որ Հայաստանը ոչ մի օգուտ չի ստանալու այդ անդամակցությունից՝ ի հեճուկս Հայաստանի ղեկավարության հայտարարությունների: Սա ճշմարտություն էր մինչև ռուբլու ներկայիս անկումը. այժմ դա ավելին է, քան պարզապես ճշմարտությունը:

Փոխարենը` Հայաստանը Ռուսաստանի համար կմնա որպես քաղաքական նախագիծ, բայց ո՛չ կենսական նշանակություն ունեցող տնտեսություն և ժողովրդավարական պետություն: Պուտինի միությունն ավտորիտար ղեկավարների ակումբ է: Միանալով ԵՏՄ-ին՝ Հայաստանի համար ավելի ու ավելի դժվար կլինի պահպանել իր ժողովրդավարությունը:

– Ի՞նչ եք կարծում, վերջիվերջո, ինչո՞ւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայացրեց այդ որոշումը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին՝ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցելուց հետո: Դա տնտեսակա՞ն որոշում էր, քաղաքակա՞ն (օրինակ, իր իշխանությունը պահելու իմաստով), թե՞ այդ որոշման պատճառը հնարավոր վտանգներն ու սպառնալիքներն էին:

– Ես, իհարկե, չեմ կարող կարդալ նախագահ Սարգսյանի մտքերը: Որոշումները, որպես կանոն, արտացոլում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ սխալ հաշվարկներ: Բայց ինձ թվում է՝ նա չի կարողացել ազատվել որոշակի կարծրատիպերից, ինչը պարտավոր է անել յուրաքանչյուր առաջնորդ, եթե ուզում է, որ իր երկիրն ավելի լավ ապագա ունենա: Եվրոպական միությունը հեռու է կատարյալ լինելուց. ըստ իս՝ Եվրամիությունը չափից ավելի բյուրոկրատական է:

Բայց նա հավատարիմ է թափանցիկ քաղաքականությանը և ժողովրդավարությանը, և հենց դրա համար Հայաստանը պետք է շարունակեր հետամուտ լինել Եվրամիության հետ ասոցիացման և հետագայում` նաև նրան անդամագրվելու քաղաքականությանը: Դա անելն այնքան էլ հեշտ չէր լինի, բայց ստացվելիք օգուտները կարժևորեին այդ գործընթացը: Հավանաբար Հայաստանի նախագահը չի կարծել, որ կարող է այդքան հեռուն նայել, կամ էլ վախեցել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, ի վերջո, կհանգեցնի իր իշխանության կործանմանը: Միևնույն ժամանակ, նախագահ Սարգսյանը զերծ չի մնացել իմ կողմից վերևում ասված մտայնությունից (տե՛ս հարցազրույցի 1-ին մասը), թե այս աշխարհում Հայաստանի միակ բարեկամը և պաշտպանը Ռուսաստանն է: Դա ուղղակի սխալ կարծիք է: Ռուսաստանը միշտ էլ կոշտ քաղաքականություն է իրականացրել Հայաստանի նկատմամբ և շարունակում է նույնն անել այսօր:

Համոզված եմ՝ Մոսկվան հսկայական ճնշում է գործադրել Երևանի վրա, որպեսզի վերջինս ոչ թե նայի դեպի Եվրոպա՝ իր ժողովրդավարությամբ ու ազատությամբ, այլ դեպի Եվրասիա՝ իր ավտորիտարիզմով և սահմանափակումներով: Գուցե դա լավ տակտիկական քայլ էր նախագահ Սարգսյանի համար, բայց վատ ռազմավարական ընտրություն էր հայերի համար:

Տեսանյութեր

Լրահոս