Գազի բալոնը, «Վարպետը և Մարգարիտան», Աննայի յուղը… շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի քննությունը: Դատարանում մեղադրողն ու տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները կարծիք հայտնեցին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության մասին: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել էր կրկանի հանձանժողովային և համալիր դատաատվոտեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություն նշանակել:

Մեղադրող Արթուր Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, թե միջնորդության առաջին կետը վերաբերում է Վարդան Պետրոսյանի մեղադրանքում նշված այն հանգամանքին, որ նա երթևեկելու ընթացքում օգտվել է հեռախոսակապից:

Մեղադրողն ասաց, որ հեռախոսով խոսելու փաստը փորձաքննությամբ հիմնավորելու խնդիր չէ, դրա համար կան որոշակի ապացույցներ, որոնք կողմերը կարող են գնահատել: Ըստ մեղադրողի՝ պաշտպանը ներկայացրել է նոր մեթոդով արագությունը ստուգելու հնարավորություն, որը մեր պետության կողմից ընդունված չէ:

Մեղադրողն ասաց, որ վթարի մեխանիզմին առնչվող որևէ նոր ելակետային տվյալ չի ներկայացվել միջնորդության մեջ, որը հիմք կհանդիսանար նոր փորձաքննություն նշանակելու համար: «Միայն Վարդան Պետրոսյանի ցուցմունքում կցկտուր այն արտահայտությունները, որ ինքը տեսել է «Նիվա» ատվոմեքենայի հետընթաց լույսերը, արգելակման լույսերը, դա գործով էլ է անցնում, գործով դա նորություն չէ և որևէ բանի չի հակասում: Այստեղ նոր ելակետային տվյալներ ունենալու համար պետք է պարզել Վարդան Պետրոսյանի՝ «Նիվան» տեսնելու հեռավորությունը, այդ պահին իր արագությունը, իր գործողությունը, կանխելու հավանականությունը: Եթե դրանք չկան, այլ նոր ելակետային տվյալ ներկայացնել փորձագետներին՝ հնարավոր չէ: Եթե փորձագտին նոր տվյալ չես ներկայացնում, նոր փորձաքննություն անելը դառնում է անիմաստ»,- ասաց մեղադրողը:

Իր միջնորդության մեջ Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ Վարդան Պետրոսյանի մեղադրանքում նշված է, որ դեպքի վայրը եղել է բնակավայր, հետևաբար՝ այնտեղ թույլատրելի արագությունը եղել է 60կմ/ժ: Փաստաբանը նշել է, որ ի պատասխան իր հարցման մարզպետը հայտնել էր, որ դեպքի վայրը գտնվում է Եղվարդ համայնքի վարչական տարածքում՝ բնակավայրերի հողերի սահմանագծից դուրս: Այսինքն՝ ըստ նրա, վթարի վայրը գտնվել է բնակավայրից դուրս, հետևաբար՝ թույլատրելի առավելագույն արագությունը եղել է 90 կմ/ժ:

Մեղադրողն այսօր ասաց, թե դեպքի օրվա դրությամբ այն համարվում էր բնակավայր և այդ մասին համապատասխան նշան է եղել տեղադրված: Նրա խոսքով՝ միայն դեպքից հետո բարձարացված աղմուկից հետո բնակավայր նշանը տեղադրվել է մեկ այլ վայրում: Նա ասաց նաև, որ տեղականքն այն մասին, որ դեպքի վայրը բնակավայր է, տրվել է ոչ թե, ինչպես պաշտպանն է ասում՝ անկապ ընկերության կողմից, այլ դա միակ ընկերությունն է, որը զբաղվում է այդ տարածքի ճանապարհաշինարարությամբ և սպասարկմամբ:

Մեղադրողի կարծիքով՝ այս հարցը ևս փորձաքննությամբ պարզվելիք հարց չէ և չի կարող նոր փորձաքննություն նշանակելու համար հիմք հանիանալ:

Մեղադրողն անդրադարձավ նաև «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում գազի բալոնի տեղադրված լինելու հանգամանքին՝ նշելով, որ նախորդ դատական նիստերի ընթացքում պաշտպանը փորձել է դատարանին, ավելի շատ՝ դահլիճին համոզել, որ  «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա ընդհանրապես չի թույլատրվում տեղադրել գազի բալոն, սակայն միջնորդության մեջ ներկայացրել է փաստաթղթեր, որտեղ նշված է, որ այդ մեքենաներում թույլատրվում է գազի բալոն տեղադրել:

Նա ասաց, որ գործում կան գազի բալոն տեղադրելու համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և վարորդի փաստաթուղթը, որը նրան իրավունք է վերապահում շահագործելու գազով կահավորված ավտոմեքենան:

Գազի բալոնի՝ մահվան պատճառ, հետևանք հանդիսանալու մասին պնդումը ևս, ըստ նրա, անհիմն է: Մեղադրող ասաց, որ փորձաքննության մեջ նշվել է, որ վնասվածքները հասցվել են բութ գործիքով. ըստ նրա՝ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում մարմնական վնավածք ստացած անձը պարտադիր հարվածվում է մեքենայի մեջ որևէ հատվածի, դրանք բոլորը դատական բժշկության մեջ որակվելու են որպես բութ գործիքի հարված. հետևաբար՝ միայն այն, որ մեքենայում գազի բալոն կա տեղադրված, դա չի կարող նշանակել, որ մարդիկ դրանից են վնասվածք ստացել.

«Եթե անգամ ընդունենք, որ գազի բալոնը տեղադրված է շահագործման կանոնների խախտմամբ, դա որևէ պատճառական կապ չի կարող ունենալ կողմերի՝ մարմնական վնասվածք ստանալու հետ և ընդհանրապես վթարի մեխանիզմի առաջանալու հետ»:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ևս առարկեց միջնորդության դեմ՝ խնդրելով դատարանին մերժել այն: Նրա խոսքով՝ առկա չեն փորձաքննություն նշանակելու հիմքեր, միջնորդությամբ չներկայացվեց որևէ փաստարկ, որ գործում առկա դատաավտոտեխնիկական փորձագետի եզրակացությունը հիմնավոր չէ կամ կասկած է հարուցում:

Նա ասաց, որ պաշտպանի միջնորդությամբ ներկայացված փաստարկները և հետևությունները չեն հիմնավորվում ձեռք բերված ապացույցներով, հետևաբար՝ չեն կարող բավարար հիմք լինել փորձաքննության նշանակման համար:

Նա նշեց, որ տուժող կողմի կարծիքով՝ վթարի հետ ուղղակիորեն պատճառական կապի մեջ է գտնվում ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից մեքենան դեպի կողնակ դուրս բերելու հանգամանքը, նրա խոսքով՝ ԲՄՎ ավտոմեքենայի կողմից կողնակում կանգնած «Նիվա» ավտոմեքենային բախվելու հանգամանքը հիմնավորվում է մի շարք ապացույցներով:

Ռուբեն Բալոյանի խոսքով՝ իրենք շարունակում են պնդել, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված չափական տվյալները ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը:

Նրա խոսքով՝ անհասկանալի է այն հանգամանքը, որ պաշտպանական կողմը պնդում է, որ վթարի իրական մեխանիզմը պարզելու համար անհրաժեշտ է փորձաքննություն անցկացնել PC-crash համակարգչային ծրագրով, սակայն միջնորդում է փորձաքննությանն անցկացնել այնպիսի հիմնարկում, որտեղ նման մոդելավորումներ չեն իրականացվում:

Նրա խոսքով՝ դատաավտոտեխնիկական փորձագետի եզրակացության համաձայն՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի կանգնած կամ շարժման մեջ լինելու հանգամանքը պատճառական կապի մեջ չի գտնվել վթարի առաջացման հետ, քանի որ ԲՄՎ ավտոմեքենայի համար խոչընդոտ չի հանդիսացել:

Ռուբեն Բալոյանն անդրադարձավ Նիկոլայ Բաղդասայանի կողմից առաջադրված հարցերին: Նրա խոսքով՝ պատասխանելու համար հարցին՝ արդյոք վթարի վայրը դեպքի օրվա դրությամբ ճի՞շտ է եղել կարգավորված, թե՞ ոչ, հատուկ մասնագիտական գիտելիքներ չեն պահանջվում, դա ենթական է իրավական գնահատման: Նա ասաց, որ հարցի պարզաբանումը՝ արդյոք վթարին նախորդող պահին «Նիվա» մակնիշի ավտոմեքենան գտնվել է ստատի՞կ վիճակում, թե՞ ոչ, այս գործով չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում:

Նրա խոսքով՝ եթե անգամ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան գտվել է շարժման մեջ, այն իր գործողություններով ԲՄՎ ավտոմեքենայի երթևեկության համար խոչընդոտ հանդիսանալ չէր կարող:

Ռուբեն Բալոլայնն ասաց նաև, որ «Նիվայի» բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը մահվան պատճառ չէր կարող հանդիսանալ, հարցի պարզաբանման համար հատուկ գիտելիքներ չեն պահանջվում և դա ենթակա է իրավական գնահատման. «Սույն գործով գազի բալոնի վարկածը ինձ ակամա հիշեցնում է Մ. Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» հայտնի ստեղծագործության հերոսներին, երբ, ըստ Վոլանդի՝ մահվան ելքով վրաերթի պատճառ է հանդիսանում Աննայի յուղը»:

Տեսանյութեր

Լրահոս