Կառավարությունը կմերժի ՕԵԿ-ի նախագծերը

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն կտա Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լևոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մի քանի օրենքների նախագծերի փաթեթեի մասին:

Հարցը ներկայացնելիս՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ապաքրեականացնել գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը:

Նախարարն ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում պատիժ նշանակելու պահին ՀՀ-ում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով:

Նա նշեց, որ նախագծի 2-րդ հոդվածի համաձայն` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի չափով, կամ չվճարված գումարի եռապատիկի չափով:

«Այսինքն` նախագծով առաջարկվող փոփոխությամբ սանկցիան գերազանցում է քրեական օրենսդրությամբ նախատեսված «տուգանք» պատժատեսակի առավելագույն սահմանը: Բացի դրանից, չվճարված գումարի եռապատիկի չափով տուգանքի կիրառումը, կարծում ենք, անհամաչափ պատիժ է տվյալ հանցատեսակի համար»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Նա նշեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին մոլորեցնելու համար նախատեսված է պատիժ.

«Այսինքն՝ վարչական իրավախախտում հանդիսացող արարքի համար նախատեսվում է պատիժ, մինչդեռ պատիժն իր եությամբ քրեաիրավական ներգործության միջոց է»:

Տեսանյութեր

Լրահոս