«Չեմ կարծում, որ Ադրբեջանին ձեռնտու է մարմինները չվերադարձնելը». ՀՀԿ-ական պատգամավոր
«Հուսադրող բան չկա, որովհետև դեռևս հայկական կողմը չի կարողանում հասնել այդ խոցված ուղղաթիռին»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով ադրբեջանցիների կողմից խոցված ինքնաթիռի անձնակազմի անդամներին կամ նրանց դիակները վերադարձնելու մասին:
Ըստ Լ. Մարտիրոսյանի՝ միջազգային հանրության արձագանքը բավականին տեղին էր. Ե՛վ ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահները, և՛ երկրների արտաքին գործերի գերատեսչությունները, նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր մտահոգությունը արտահայտեց այս հարցի վերաբերյալ, որովհետև իսկապես արտառոց դեպք է, որ ուղղաթիռ է խոցվում, սա իսկապես պատերազմական գործողություն է, ուղղակի դիպուկահարների կողմից կրակոցներ չեն, կամ այլ գործողություններ չեն, ավելի լուրջ է սա»:
168.am-ի հարցին՝ միջադեպից արդեն քանի օր է անցել, բայց տղաներին հետ չեն վերադարձրել, օրինակ, Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երևանայան գրասնեյակի մոտ հացադուլ է անում, պահանջում է որոշակի գործողություններ իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից, Դուք ի՞նչ կասեք սրա վերաբերյալ, Լ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.
«Գործողություններ պետք է անի ադրբեջանական կողմը, հայկական կողմը պահանջը ներկայացրել է, միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր կանոններին հակասում է սա, որովհետև, եթե խոսքը դիակների մասին է, նրանց վերադրաձնելը վերջին հարգանքը մատուցելը, ուղղակի բխում է միջազգային մարդասիրական իրավունքից, Ժնևյան կոնվենցիայի դրույթներից: Չեմ կարծում, որ Ադրբեջանին ձեռնտու է այդ մարմինները չվերադարձնելը, եթե դրանք իրենց տարածքում են»:
Մեր հարցին՝ կոնկերտ Մինսկի խմբի կողմից ի՞նչ պետք է արվի, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ նրանք պետք է միջնորդեն, որպեսզի ադրբեջանական կողմը քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ ուղղաթիռի անձնակազմի դիակները վերադարձվեն, «եթե դրանք դիակներ են»:
Լրագրողներից մեկի հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, դրանից հետո հայտարարվեց, թե ինչ-որ առաջընթաց կա, սակայն քիչ ժամանակ անց նման քայլ տեղի ունեցավ, բանակացությունների մակարդակը և առաջընթացը, որը խոստացավ Է. Նալբանդյանը, որևէ կերպ չարտահատվեց, ի՞նչ տեղի ունեցավ և ինչո՞ւ տեղի ունեցավ, Լ.Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.
«Բայց սա առաջին դեպքը չէ: Բանակցությունները արդեն 20 տարուց ավելի ընթանում են և մենք ունենք այնպիսի հակառակորդ, որն ունենք: Մենք չենք կարող իրենց փոխարեն որոշել, թե իրենք իրենց գլխին ինչ կբերեն: Մեր հակառակորդը սա է: Լավ չի դա, մենք պատերազմի պայմաններում ենք ապրում, մենք չենք կարող և՛ մեր փոխարեն պատասխանենք, և՛ իրենց: Իրենք դա անում են, որպեսզի լարվածությունը պահեն, որպեսզի ցույց տան ամբողջ աշխարհին, որ հակամարտությունը դեռ լուծված չէ, որ իրենք դեռ անելիքների ունեն, որ երբեք որևէ մեկը հանգիստ չմնա, որ հարցը լուծված է և այլն»: