Այն, որ այսօր իշխանափոխության անհրաժեշտություն է առաջացել, փաստ է. ՕԵԿ պատգամավոր

«Համագործակցությունը պետք է լինի սկզբունքների և գաղափարների շուրջ, այսինքն՝ առանց սկզբունքների համադրման՝ չի կարող լինել համագործակցություն: Համագործակցություն մենք ունեցել ենք և կունենանք բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ նաև քառյակի, հիմա՝ եռյակի հետ»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ համագործակցություն կա՞ ՕԵԿ-ի և մյուս ոչ իշխանական ուժերի միջև:

Նա նշեց, որ այդ համագործակցության մեջ իրենց ընդհանրական մոտեցումներն այն են, որ իրենք նույնպես գտնում են, որ այսօր մեր երկրում սոցիալ-տնտեսական այնպիսի ծանր վիճակ է ստեղծվել, որ անհրաժեշտություն է առաջացել այլևս համակարգային փոփոխությունների համար, ինչո՞ւ չէ, նաև իշխանափոխության համար: «Դա կլինի հերթակա՞ն ընտրությունների միջոցով, թե՞ դա կլինի արտահերթ, ցույց կտա ժամանակը: Այստեղ կա, ըստ էության, մեր տեսակետների և սկզբունքների համընկնում»:

Ի պատասխան 168.am-ի հարցին՝ ինչո՞ւ են եռյակի անդամները, հատկապես՝ ՀԱԿ-ը, ընդունում, որ «Բարգավաճ Հայաստանը» ոչ իշխանական է, իսկ ՕԵԿ-ի դեպքում մերժում են դա, նա ասաց՝ որովհետև իրենք ոչ իշխանական չեն, այլ ընդդիմություն են: Մեր մյուս հարցին, թե՝ ինչո՞ւ դա չի ընդունվում եռյակի անդամների կողմից, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի կարծիք հայտնելու: Ես ընդամենն ասում եմ, որ իրենք, իհարկե, չպետք է ընդունեն, որ մենք այլընտրանք ենք, քանի որ մենք ընդդիմություն ենք»:

Հարցին՝ արտահերթ ընտրությունների պահանջը, որ բարձրացնում են մյուս քաղաքական ուժերը, կիսո՞ւմ եք, Հ.Մարգարյանն այսպես պատասխանեց. «Այսօրվա վիճակով գնալով սոցիալական վիճակը մեր երկրում ծանրանում է: Մենք պետք է կարողանանք կարևորագույն որոշումների ընդունման հարցում օր առաջ կայացնենք այնպիսի որոշումներ, որ չխորանան: Այն, որ այսօր անհրաժեշտություն է առաջացել իշխանափոխության, դա փաստ է: Ինչ վերաբերում է՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների միջոցով, ժամանակը ցույց կտա, իսկ ժամանակը կոնկրետ գործողություններով ցույց կտա: Ցանկացած փոփոխություն, որը սոցիալական ոլորտում կայացվում է, ըստ էության, չի գոհացնում մեր ժողովրդին»:

Տեսանյութեր

Լրահոս