Արթուր Զադոյանը պատմում է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) հետ միջադեպի մանրամասները (տեսանյութ)
2009թ. Արարատի մարզում ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) և Արթուր Զադոյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացվել է դատավարական խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արթուր Զադոյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանն ասաց, որ նյութերի ուսումնասիրությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ի սկզբանե կազմվել է մեղադրական եզրակացությունը, «այնուհետև փորձել են ինչ-որ ձևերով արդեն նախապես մշակված սցենարով հավաքել ապացույցներ, ցուցմունքներ կորզել և այն ճանապարհներով բերել այն կետին, որ իրենց մեղադրական եզրակացությունը ինչ-որ կեր կարողանան կյանքի կոչել»:
Նշենք, որ այս քրեական գործով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը տուժող է ճանաչվել. այժմ գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավադության դատարանում: «Դատավարական խախտումները երևում են անմիջական դատական նիստին: Մամուլը լուսաբանում է, ակնհայտ են խախտումները, «տուժողի» պահվածքը դատական նիստերի ընթացքում, դատարանի վերաբերմունքը, կողմնակալ կարծիքը կամ վերաբերմունքը, դատախազի կողմանակալ վերաբերմունքը տուժող կողմի հանդեպ, չարձագանքելը դատավարական խախտումներին, հանցագործությունների մասին արված հայտարարություններին»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ մեղադրական եզրակացությունը կազմված է «լղոզված», չկան Ա. Զադոյանի մեղքը հիմնավորող հիմնավորումներ. «Ուղղակի թեթևակի, մի փոքր հատվածներ վերցված են Զադոյանի ցուցմունքներից, և նշվում է, որ իրարամերժ ցուցմունքներ են տրված: Սակայն գործի նյութերին ծանոթանում ենք, տեսնում ենք, որ ամբողջ գործն իրարամերժ է, ցուցմունքներն անգամ հակասում են դեպքի վայրի զննության արձանագրությանը, որը կատարվել է անմիջական դեպքի օրը՝ դեպքից անմիջապես հետո: Ցուցմունքները հակասում են դեպքի վայրի զննությանը, սակայն նախաքննության մարմինը, չգիտես ինչու, հիմք է ընդունել, որ տրված իրարամերժ ցուցմունքները հավաստի են, արժանահավատ են և դրել է մեղադրական եզրակացության հիմքում, իսկ Զադոյանի՝ թե առերես հացաքննությունների ընթացքում, թե ցուցմունքների ընթացքում տրված նույնաբովանդակ ցուցմունքները` գտել է, որ, չգիտես ինչու, իրարամերժ են»:
Նշենք, որ Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել կրել հրազեն և ռազմամթերք: 2009 թվականի հոկտեմբերի 05-ին ժամը 11-ի սահմաններում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Քրեական գործի վարույթը կասեցվել է, ապա վերսկսվել:
Սուսաննա Սարգսյանն ասաց, որ 2010թ. փորձարարություն կատարելու անհնարինության պատճառաբանությամբ է քննիչի կողմից կասեցվել քրեական գործի վարույթը, 2014թ., ըստ նրա, քննիչը փոխվել է և գործի վարույթը վերսկսվել է: Փաստաբանի խոսքով՝ փորձարարությունն այդպես էլ չի կատարվել, և գործն ուղարկվել է դատարան:
Արթուր Զադոյանն էլ պատմեց, որ պատահարի մանրամասները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: