Թուրքիան ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլև՝ ռազմավարական գործընկերը. Գարիբաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ Թբիլիսիում ընդունել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հարցը, այդ թվում նաև ռազմական կրթության ոլորտում:
Հանդիպման ժամանակ Գարիբաշվիլին հայտարարել է. «Մենք քանիցս խոսել ենք և գլխավորն այն է, որ ապացուցել ենք, որ Թուրքիան հանդիսանում է ոչ միայն Վրաստանի հարևանը, այլև՝ ռազմավարական գործընկերը»:
Ընդգծվել է, որ Թուրքիա-Վրաստանա-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի շրջանակներում անցկացվելու են համատեղ հրամանատարական ու դաշտային զորավարժություններ:
Գարիբաշվիլին հույս է հայտնել, որ Թուրքիան առավելագույն կերպ կներգրավվի Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ մերձեցնելու միջոցների փաթեթի գործարկման մեջ: