Պրահայի հանդիպումները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ շփվելու հնարավորություն են. Աբաշիձե
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իր հանդիպումներին.
«Այդ ձևաչափը ստեղծվել է 2012 թվականի դեկտեմբերին, այն իրենից ներկայացնում է հաղորդակցային խողովակ, և ոչ թե բանակցություններ կամ պաշտոնական խորհրդակցություններ: Դա հնարավորություն է հանդիպելու համար Ռուսաստանի ներկայացուցիչների հետ և դիտարկելու համար գործնական այնպիսի հարցեր, ինչպիսիք են առևտրային-տնտեսական, տրանսպորտային ու հումանիտար թեմաները:
Մնացյալ բոլոր հարցերը, այդ թվում նաև Աբխազիայի դե-ֆակտո իշխանությունների հետ Ռուսաստանի կողմից համաձայնագիր ստորագրելու նախագիծը, քննարկվում են Ժնևյան բանակցությունների ձևաչափով: Պրահայի հանդիպումները Ռուսաստանի հետ շփումներ են, ինչպես-որ ունեն բոլոր երկրները»: