Սուրիկ Խաչատրյանը «պայթեցրեց» ակադեմիան

Եվ այսպես, երկար ու բուռն քննարկումներից հետո Սյունիքի մարզպետարանը երեկ հրապարակեց «բարաթը»` փաստաթուղթը, որը հավաստում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դոկտորական կոչում է ստացել։ Մինչ մենք վիճում ու փորձում էինք հասկանալ` հայաստանյան ո՞ր հանձնաժողովն է Ս.Խաչատրյանին դոկտորի կոչում տվել, մարզպետը բոլորին «շախ ու մատ» արեց։ Պարզվեց` նրա կոչումը Կանադայից է։ Իսկ մենք սարուձոր էինք ընկել։ Ասում էինք` պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր լինել չի կարող։

Հայաստանյան ԲՈՀ-ն էլ հայտարարում էր, որ Սուրիկ Խաչատրյանն իրենց մոտ անգամ թեկնածուական չի պաշտպանել, ուր մնաց` դոկտորական։ Մինչդեռ պարզվեց, որ` այո, կա Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիա (Քվեբեկ, Կանադա), որը Սուրիկ Խաչատրյանին շնորհել է փիլիսոփայության դոկտորի կոչում (PhD)` պետական կառավարման բնագավառում։

Ու թվում էր` պատմությունն այսքանով կարելի էր եզրափակել, եթե աչքի չանցկացնենք այդ ակադեմիայի` International Informatization Academy-ի կայքը։ Ու ամենակարևորը, որ այնտեղից կարելի է հայտնաբերել, այն է, որ դրա նախագահը հայ է` Ազատ Վարդանյանը։ Իսկ դրանից հետո պարզելը, թե ինչ կապ կա նրա հայ լինելու և մարզպետի դոկտորական կոչման միջև, արդեն տեխնիկայի հարց է։

Ո՞վ է Ազատ Վարդանյանը
Ակադեմիայի նախագահ, մտավորական, Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահգ Իրականում պետք չէ այդքան պաթետիկ լինել։ Ազատ Վարդանյանն ընդամենը բիզնեսմեն է։ Ընդ որում, բիզնեսմեն, որի անունը հոլովվում է հանքարդյունաբերության ոլորտի խուճուճ պատմությունների մեջ։ 2009-2010 թվականներին Ա.Վարդանյանն ակտիվորեն ներգրավված էր Սյունիքի մարզի հանքարդյունաբերության ոլորտում։ Կանադական «Կալդերա Ռեսուրսիզ» ընկերությունը և «Գլոբալ Գոլդ մայնինգը» 2010թ. ԱՄՆ-ում ստեղծում են համատեղ ընկերություն` «Մարջան-Կալդերա մայնինգ քոմփանի»` Սյունիքի մարզի Մարջանի հանքը շահագործելու նպատակով։ Հետո սկսվում է հակամարտությունը.

«Գլոբալ Գոլդը» կանադական կողմին մեղադրում է, որ փորձ է արվել իրենց դուրս մղել համատեղ բիզնեսից և տիրանալ նրա բաժնեմասին։ «Մարջան մայնինգ»-ի տնօրենն, ի դեպ, Ազատ Վարդանյանն էր։ Թե ինչով վերջացավ այս խուճուճ պատմությունը, մի կողմ դնենք։
Առավել կարևոր է Ազատ Վարդանյանի հարցազրույցից մի հատված, որն ի ցույց է դնում նրա վերաբերմունքը` կոնկրետ մարդկանց նկատմամբ. «Շնորհիվ ՀՀ էներգետիկայի նախարարության և Սյունիքի մարզպետարանի միջամտության` մեզ չարգելվեց նշված աշխատանքների կատարումը և զրպարտիչներին պատասխանվեց, որ, քանի որ պետռեգիստրի որոշումն անվավեր չի ճանաչվել, և լիցենզիան շարունակում է պատկանել «Մարջան Մայնինգին», և որևիցե դատական որոշում մեր դեմ գոյություն չունի, ոչ ոք իրավունք չունի խառնվելու և արգելելու մեր պարտականություններն իրականացնելու մեջ»,- ասել է Վարդանյանն «Իրավունք» թերթին (2011թ.):

Այսինքն, Սյունիքի մարզպետարանը, ասել է թե` Սուրիկ Խաչատրյանը, սատար է կանգնել Վարդանյանին։ Բացի բիզնեսի ոլորտում ընդհանուր հետաքրքրություններից` Վարդանյանն ու Խաչատրյանը փորձել են նաև պետականանպաստ գործեր անել։ Կարդացեք 2010 թվականի այս պաշտոնական հաղորդագրությունը. «Սյունիքի մարզի և Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի ու Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի միջև այսօր` դեկտեմբերի 17-ին, ստորագրվել է համագործակցության վերաբերյալ պայմանագիր: Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և Պալատի տնօրենների խորհրդի նախագահ Ազատ Վարդանյանը»:

Հիշեցնենք, որ 2010թ. վերջն Ազատ Վարդանյանի և «Գլոբալ Գոլդի» հակամարտության ամենաթեժ շրջանն էր։ Կարճ ասած, Վարդանյանն ու Ս.Խաչատրյանը վաղեմի բարեկամներ են, և, ըստ երևույթին, Ազատ Վարդանյանը Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը չի մոռացել անգամ տարիներ անց։ Ի դեպ, իր հարցազրույցներից մեկում` խոսելով ակադեմիայի անդամների մասին` Ազատ Վարդանյանն այսպիսի միտք էր հայտնել. «Հայաստանից մենք շատ մարդ չունենք` մոտ 60 հոգի, և նպատակ չունենք անհարկի ավելացնել քանակը, մեզ հետաքրքրում է որակը»։ Այսինքն, Ա.Վարդանյանը բավական ժամանակ և հնարավորություն է ունեցել Ս.Խաչատրյանի որակներին ծանոթանալու համար։

Ինչ է Միջազգային տեղեկատվական ակադեմիան
Նախ նշենք, որ անվանումը հայերենով արդեն իսկ ժպիտ է առաջացնում։ Անգլերենում այն կոչվում է International Informatization Academy: Informatization-ը պետք է թարգմանել կամ ինֆորմատիզացիա, կամ տեղեկատվայնացում։

Մինչդեռ այդ ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը պետռեգիստրի կայքում գրանցված է` որպես «Միջազգային տեղեկատվական ակադեմիա», իսկ Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ` «Միջազգային տեղեկատվայնության ակադեմիա»:

Անցնենք առաջ։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս ակադեմիան։ Այն ունի պաշտոնական կայք` www.iia.ca, որտեղ նշվում է, որ այն հ/կ է։ Նշվում է նաև, որ այն ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (Economic and Social Council – ECOSOC) կողմից ունի ընդհանուր խորհրդատվական մարմնի կարգավիճակ։ «ՄԱԿ-ը 1995 թվականին ճանաչում և բարձր կոչում շնորհեց։ Այսպիսի նախադեպ չկար։ Սա շեշտում է մեր ակադեմիայի մակարդակն ու լրջությունը»,- հարցազրույցներից մեկում ասել է Ազատ Վարդանյանը։ Ակադեմիայի կայքում ամեն հարմար տեղ ՄԱԿ-ի լոգոն է, ամեն կերպ փորձ է արվել ակադեմիան կապել ՄԱԿ-ի հետ։

Իրականում, գիտական կոչում շնորհող կառույցը պետք է հավատարմագրված լինի, իսկ ECOSOC-ը հավատարմագրող (ակրեդիտացիա) անող կառույց չէ։ Իսկ չհավատարմագրած ակադեմիան իրավունք չունի դոկտորի կոչում շնորհել։ Այս «ակադեմիան» իրավունք չունի որևէ մեկին անգամ միջնակարգ կրթության ատեստատ տալ։ Միգուցե նրանք իրավաբանորեն պաշտպանված են, սակայն նրանց տրամադրած «կոչումը» ոչ մի արժեք չի ներկայացնում։

Ինքը` Ազատ Վարդանյանը, իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է։ «Ազգային ակադեմիաների համակարգը հիմնականում գործում է Եվրոպայում, որտեղ անդամ դառնալու համար հարկավոր է նախ գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունենալ, որից հետո միայն անձը կարող է դիմել և դառնալ սկզբում` ակադեմիայի թղթակից անդամ, այնուհետև` ակադեմիկոս։ Իսկ Հյուսիսային Ամերիկայում այդ տեսակ կոչում չկա»,- ասել էր նա։

Ա.Վարդանյանը նաև նշել էր, որ իրենք նոր տիպի կառույց ստեղծելով` փոխել են չափանիշերը, թե ով կարող է դառնալ ակադեմիայի անդամ։ Կարճ ասած, այնպես են արել, որ բացի դասական գիտնականներից, ում ցանկանան` կարողանան ակադեմիայի անդամ դարձնել. «Կան ոլորտներ, որտեղ այդ կոչումները չկան։ Օրինակ` նկարիչների, գրողների, քաղաքական գործիչների մոտգ Բայց մարդն այդ ասպարեզում կարողացել է հասնել այնպիսի բարձունքների, որ չեն կարող հասնել շատ ու շատ գիտնականներ։ Չէ՞ որ մի նկարիչ կամ գրող իր տաղանդով կարող է միլիոնավոր սրտեր գրավել։ Ինֆորմացիայի, ինֆորմատիզացիայի տեսանկյունից` մենք գտնում ենք, որ չպետք է տարբերություն դնելգՄեզ համար կարևոր է անձի ինֆորմացիոն դաշտում կատարած ներդրումը:

Դրա համար էլ չափանիշը փոխվեց և դարձավ հետևյալը` ով իր ասպարեզում ճանաչում է ձեռք բերել` կարող է դառնալ մեր ակադեմիայի անդամգ Այսպիսով, պահպանելով առաջին խումբը` ակադեմիական գիտությունների դոկտորների (որոնք մեզ մոտ կազմում են 75%-ը), ավելացավ մյուսը` իրենց ոլորտում հայտնի մարդկանց խումբը։

Այդպիսի մարդկանց խումբը կազմում է մոտ 15%»: Այդ 15%-ից մեկն էլ, ինչպես կռահեցիք, Սուրիկ Խաչատրյանն է։

Կարճ ասած, Ազատ Վարդանյանը կարող է ակադեմիայի անդամի (կամ եթե կուզեք` ակադեմիկոսի) կոչում շնորհել ցանկացած մարդու` անկախ տարիքից, մասնագիտությունից, կրթությունից և ձեռքբերումներից։ Փոխարենը, նա «Հայկական Ժամանակի» հետ զրույցում սկսել է բացատրել, թե ինչ է փիլիսոփայության դոկտորը, որ Հայաստանում նման կոչում չկա, բայց դա Արևմուտքում տարածված է, և այլն։

Իրականում, Հայաստանում շատ լավ գիտեն` ինչ է PhD-ն։ Գիտեն նաև (թերևս, միայն Ս.Խաչատրյանից բացի), որ Ազատ Վարդանյանի ակադեմիայի տված PhD-ով կարելի է հպարտանալ միայն անչափահասների մոտ։ Միգուցե Սուրիկ Խաչատրյանն իրոք 600 էջանոց թեզ է գրել և պաշտպանել` տպավորելով Ազատ Վարդանյանին ու նրա ակադեմիայի անդամներին։ Սակայն, եթե անգամ նման բան չի արել, ապա միևնույն է` Սյունիքի մարզպետին պետք է շնորհակալություն հայտնել։ Չէ՞ որ, եթե նա (թերևս, միամտորեն) չհրապարակեր իր կոչման մասին հավաստող փաստուղթը, մենք երբեք չէինք իմանա, թե ինչ «հուժկու» գիտակրթական կենտրոններ են ստեղծում մեր հայրենակիցներն արտերկրում։ Ստացվում է, որ Սուրիկ Խաչատրյանը նպաստում է փուչիկների պայթեցման պատասխանատու գործին։ Փուչիկների, որոնք ընդունված է անվանել` «degree mill» կամ «կոչումների ջրաղաց (ֆաբրիկա)»։

Կոչում վաճառելու բիզնեսը
Գիտական աշխարհում բավականին հայտնի են, այսպես կոչված, «Degree mill»-երը կամ «diploma mill»-երը։ Բառացիորեն դա թարգմանվում է` «կոչումների ջրաղաց» կամ «դիպլոմների ջրաղաց»։

Դրանք կազմակերպություններ են, որոնք գրանցվում են որպես ՍՊԸ կամ հ/կ` ֆիրմային անվանման մեջ նշելով «ակադեմիա», «դպրոց» կամ «համալսարան» բառերը։ Զբաղվում են ինչ-որ կոնֆերանսներ կազմակերպելով, մեմորանդումներ ստորագրելով, տարբեր մարդկանց ներգրավելով և սեփական հեղինակությունը բարձրացնելով (փուչիկ փչելով)։ Մի խոսքով, զբաղվում են ամեն ինչով, բացի գիտակրթական գործունեությունից։ Մի քանի հայտնի մարդկանց` անգամ երկրների նախագահների, դարձնում են իրենց հ/կ-ի անդամ ու ամեն առիթով դրոշակ դարձնում այդ փաստը։ Արդեն կայացած մարդկանց ու կառույցների անունն օգտագործելով` իրենց PR-ն են անում։ Ագրեսիվ գովազդ են անում` անգամ սպամ-նամակների և ինտերնետում ավտոմատ բացվող պատուհանների ձևով։

Ու սկսում են ֆինանսավորվել` կոչումներ ու անդամության վկայականներ վաճառելով տարբեր մարդկանց ու կազմակերպությունների։

Օրինակ, հիմնադրում եք մի ՍՊԸ, որի անվանումն է` «Փուչիկ փչողների միջազգային ակադեմիա»։ Հետո ինչ-որ պաշտոնյայի կամ բիզնեսմենի տալիս եք վկայական` ձեր կնիքով, որ նա «փուչիկ փչողների միջազգային ակադեմիայի» անդամ է։ Իսկ ակադեմիայի անդամ լինելը նույնացվում է ակադեմիկոսի հետ։ Ու միջնակարգ դպրոցը նոր ավարտած կիսագրագետ ինչ-որ մեկը, առանց դասընթաց անցնելու կամ թեզ պաշտպանելու, միանգամից դառնում է «ակադեմիկոս» կամ դոկտոր (PhD)։ Նման կառույցները հավատարմագրված չեն և գործում են կոնկրետ փրայս-լիստով։ Ուղարկում եք գումարը, ձեր անուն-ազգանունը և այն ամսաթիվը, որով ցանկանում եք ստանալ բաղձալի վկայականը։

Եվ վերջ։

Մեկ-երկու ամսից ստանում եք գունավոր ու կնիքով փաստաթուղթ` առ այն, որ դուք արդեն դոկտոր եք կամ ակադեմիկոս, ու բավարարվածության աննկարագրելի զգացումով շարունակում ձեր ամենօրյա գործերը։

Նշենք, որ այս պրակտիկան 2000-ականներին տարածված էր նաև Հայաստանում։ Ներկա ու նախկին մեր շատ պաշտոնյաներ «ակադեմիկոսներ» են։ Ընդ որում, կան մարդիկ, որ մի քանի ակադեմիաների ակադեմիկոսներ են։ Մի մասը գնել է այդ կոչումը, մյուս մասին նվիրել են։ Հետո կոչումներ վաճառելու բիզնեսը մարեց։ Պահանջարկն ընկավ։ Մարդիկ հասկացան, որ դա փուչիկ է ու անիմաստ վատնված գումար։ Դա ոչ միայն արժեք չի ներկայացնում, այլև դրանով հնարավոր չէ անգամ գլուխ գովել շրջապատում, որովհետև կարող է պարզվել, որ բոլորն այդ կոչումներից վաղուց գնել են։

Ամեն դեպքում, ՀՀ պետռեգիստրի կայքում (e-register.am) գրանցված են մի քանի տասնյակ ակադեմիաներ։ Դրանց մեծ մասը ՍՊԸ-ներ են կամ հ/կ-ներ։ Ի դեպ, արտասահմանյան ԶԼՄ-ներից ոմանք այդպիսի կազմակերպություններին դիմակազերծելու համար դիպլոմ են պատվիրել ու ստացել 7-8 տարեկան երեխայի, անգամ շան ու կատվի անունով։ Սա իրականություն է։ Իսկ թե որքանով է International Informatization Academy-ն համապատասխում degree mill-ի չափանիշերին, դատեք ինքներդ։ Ուղիղ համեմատական չենք տանում, ուղղակի մեջբերում ենք նույն Ազատ Վարդանյանի հարցազրույցից մի հատված.

«Բավականին խոշոր ընկերություններ և ֆինանսական կազմակերպություններ, տեսնելով մեր անդամների ներուժը, դառնում էին մեր կազմակերպության ասոցիացված անդամներ։ Այդ անդամ-ընկերությունները տարեկան վճարումներ են անում։ Դա իրենց համար շատ ձեռնտու է, քանի որ տվածի դիմաց` շատ ավելին են ստանում, իսկ մենք վաստակած գումարն օգտագործում ենք կանոնադրական նպատակներին հասնելու համար»:

Հայաստանյան մասնաճյուղը
Պարզվում է` Միջազգային տեղեկատվական ակադեմիան մասնաճյուղեր ունի մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում։ ՀՀ պետռեգիստրի տվյալներով` «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՍ-ն (առանձնացված ստորաբաժանում) գրանցվել է 2008 թվականին։ Որպես հիմնադիր` նշված է «ՄԻՋԱԶԳ. ՏԵՂԵԿԱ. ԱԿԱԴԵՄԻԱ»:

Այլ տեղեկություններ չկան։

«Ակադեմիայի» հայաստանյան մասնաճյուղի տնօրենն Անահիտ Հարությունյանն է («Հայբուսակ» համալսարանի ռեկտորը)։ «Սփյուռ» համակարգի` «Հայբուսակի» էջում նշված է. «Ինֆորմատիզացիայի կանադական ակադեմիայի հետ համատեղ PhD-ծրագրեր»: Մենք փորձեցինք տկն Հարությունյանից որոշ մեկնաբանություններ ստանալ այս կառույցի և PhD ծրագրերի մասին, պարզել, թե Հայաստանից ովքե՞ր են Սուրիկ Խաչատրյանից բացի նման PhD-ներ ստացել։

Սակայն ընդունարանից պատասխանեցին, որ նա արձակուրդում է։ Իսկ որևէ կոնտակտ կամ հեռախոսահամար հայաստանյան մասնաճյուղից փոխանցել չկարողացան։

Ստիպված սկսեցինք ինքնուրույն որոնել։ Գտանք հարցազրույցներ, մամուլի հաղորդագրություններ, հոդվածներ, որտեղ խոսք էր գնում այդ «ակադեմիայի» մասին։ Թե ինչ վեհ նպատակներ ունի այս կառույցը, որ այն կոչված է բարին սերմանելու համար, գիտական մտքին աջակցելու համար, և այլն։

Օրինակ, «Իրավունքի» արխիվային համարներից մեկից տեղեկացանք, որ 2011թ. մարտի 19-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ-ում Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի (ՄԻԱ) 5-ամյա տարեդարձի նշումը (թեպետ, ինչպես նշեցինք, պետռեգիստրում գրանցվել է 2008-ին): Արարողությանը մասնակցել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Կարմիր խաչի» նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, Պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանը, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, բանասեր Արտեմ Սարգսյանը և այլք։

Ինչպես նշվում էր հրապարակման մեջ, նրանք բոլորը հանդիսանում են այս ակադեմիայի անդամ։ Ակադեմիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ անդամներ են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը (որոնց պաշտոններն, ի դեպ, ակադեմիայի կայքում ներկայացված են` որպես գործող նախագահ, նախարար)։ Այլ աղբյուրներից (օրինակ` «Հայբուսակի» կայքից) տեղեկանում ենք, որ ակադեմիայի անդամներ են նաև նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը, նկարիչ Շմավոն Շմավոնյանը, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, «Sinopsys» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և այլք։

Տարբերությունն այն է, որ այս մարդկանց կենսագրությունների մեջ պարզապես նշված է, որ հանդիսանում են այսինչ կազմակերպության անդամ։ Որևէ մեկը չի նշել, որ գիտությունների դոկտոր է կամ ակադեմիկոս` հիմնվելով այդ ակադեմիայի վրա։ Չնայած չի բացառվում, որ նրանք բոլորն ունեն Սուրիկ Խաչատրյանի փաստաթղթից, պարզապես պահում են փակի տակ` շառից հեռու։

Պալատը
Քանի որ Ա. Վարդանյանը նաև Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է, մի քանի խոսքով ներկայացնենք նաև այդ կառույցը։ Նախ` Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատը նշված է Ակադեմիայի կայքում` որպես գործընկեր։ Սեղմելով հղման վրա` հայտնվում ես մի էջում, որտեղ չինական հիերոգլիֆներ են։ Կայքի հասցեն փոքր-ինչ լրացնելով` վերջապես այցելուի առջև բացվում է Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի «փառահեղ պատմությունը»։ Մի քանի տարվա պատմություն ունեցող պալատի կայքի միայն առաջին էջն է ակտիվ։ Մնացածը դեռ կազմավորման փուլում են։ Իսկ գործունեությունից հայտնի է միայն վերը նշված պայմանագիրը` Ս. Խաչատրյանի հետ։

Ու մեկ էլ` 2010թ. կազմակերպչական հարցերով աջակցել է, որ հայկական հանքարդյունաբերական ընկերությունները մասնակցեն Կանադայում կազմակերպված մի կոնֆերանսի։

Տեսանյութեր

Լրահոս