ՀՀԿ-ական պատգամավոր. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ չի կարող լինել

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ չի կարող լինել: Այսօրվա մամուլի ասուլիսում հավաստիացրեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա անդրադարձավ   հոկտմբերի 10-ին Մինկսում Հայաստանի նախագահի կողմից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագրի ստորագրմանը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչը չպարզաբանեց, թե ի՞նչ փոխզիջումների մասին էր այդ օրը խոսում Ղազախստանի նախագահ Նազարբաևը, երբ հայտարարեց, որ հաջողվել է հասնել փոխզիջման այն հարցի շուրջ, թե ինչ սահմաններով Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին:

Այս հայտարարությամբ  Ղազախստանը համաձայնել է, որ մաքսակետ չի՞ լինի: Ի պատասխան այս ճշտմանը` Մելիքյանն ասաց, որ երբևէ չի եղել որևէ  գրավոր պահանջ, որ մաքսակետ պետք է լինի:

«Նազարբաևը, ելնելով իր նախորդ հայտարարությունից, այս անգամ ստիպված էր նման հայտարարություն անել, որ ինչ-որ փոխզիջումներ եղել են»,- ասաց նա:

Մենք հետաքրքրվեցինք` այդ դեպքում ի՞նչ երաշխիքներ կան, որ Մաքսային միության օրենսգրքի 95-րդ հոդվածը, ըստ որի` Մաքսային միության սահմաններին իրականացվում է մաքսային վերահսկողություն, հետագայում չի տարածվի նաև Հայաստանի վրա: Այս հարցը մնաց անպատասխան:

Մեկ այլ հարցի` ՀՀԿ-ն կարո՞ղ է երաշխավորել, որ այդ մաքսակետը կամ մաքսային սահմանը երբևէ չի լինի, Գագիկ Մելիքյանն այսպիսի պատասխան տվեց. «Եթե Ղարաբաղի ազատ, անկախ հանրապետությունը ցանկանա անդամակցել Եվրոպական միությանը, այդ պարագայում հնարավոր է, որ այդ հարցը բարձրանա, իսկ եթե ցանկանա անդամակցել ԵՏՄ-ին, այդ դեպքում, կարծում եմ, մաքսակետի անհրաժեշտությունն ընդհանրապես պետք է բացակայի»:

ՀՀԿ-ի ներկայացուցիչն ավելացրեց` ԼՂՀ-ն անկախ, ինքնիշխան պետություն է, ԼՂՀ-ն և ՀՀ-ն երբևէ չեն եղել մեկ պետության կազմում, բայց միաժամանակ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը մեկ տնտեսական միավոր են և չեն կարող առանձին լինել:

Իսկ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ըստ Գագիկ Մելիքյանի, նոր դռներ է բացում Հայաստանի առջև տնտեսական զարգացման և նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքների համար. «Մեր Հանրապետությանը անդամակցությունից հետ կընձեռնվեն ապրանքների, կապիտալի, ինչու չէ, նաև աշխատուժի և ներդրումների ազատ տեղաշարժի առավելություններ»:

Տեսանյութեր

Լրահոս