Գագիկ Մելիքյանը ժողովրդին անվանեց «ամբոխ», իսկ Լևոն Զուրաբյանին՝ «անհույս հիվանդ»

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած համապետական հանրահավաքին Եռյակը կամ Քառյակը այդպես էլ միասնական կարծիք չհայտնեց:
Այսօրվա ասուլիսում նման հայտարարություն արեց իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Ըստ նրա` Ազատության հրապարակ էր եկել «հուսախաբ և շփոթված ժողովրդի մի փոքր քանակություն», որն այդպես էլ չհասկացավ, թե ինչի համար է հավաքվել.

«Ժողովուրդը հասկացավ, որ Եռյակը իշխանություններին այլընտրանք չէ»:

Մելիքյանը մնաց իր համոզմանը` ի հեճուկս մի քանի լրագրողների հակադարձմանը, որ, այնուամենայնիվ, հանրահավաքին ելույթ ունեցած գործիչների ելույթներում կարմիր գծի նման անցնում էր իշխանափոխության պահանջը. «Հանրահավաքում միասնական կոչեր չհնչեցին. եթե «Ժառանգությունը» խոսում էր արտաքին քաղաքականության մասին, որը չընդունվեց Եռյակի մյուս անդամների կողմից, եթե «Բարգավաճ Հայաստանն» ընդհանրապես իր կարծիքը չհայտնեց, ապա ՀԱԿ-ն այդ առումով արեց իշխանափոխության որոշակի առաջարկություններ, որն ընդունելի չէր նաև «Ժառանգության» և «Բարգավաճի» կողմից: Այդպես էլ որևէ մեկը չհասկացավ, թե վերջապես Եռյակը հանրահավաքում միասնական կարծիք հայտնե՞ց, թե՞ չհայտնեց, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ միասնական կարծիք հանրահավաքում ընդհանրապես չհնչեց»:

Կարդացեք նաև

Մելիքյանը կարծիք հայտնեց, թե հանրահավաքին մասնակցում էր ընդամենը էր 5-6 հազար մարդ, իսկ երբ նրան հիշեցրեցին, որ Ոստիկանության պաշտոնական տվյալներով` մարդկանց թիվը կազմել է մոտ 16 հազար, հանրապետական պատգամավորն ասաց`«համենայն դեպս՝ 16 հազարը 50 հազար չէ»:

Ավելին, նա «ամբոխ» անվանեց Ազատության հրապարակ եկած քաղաքացիներին. «Կարծում եմ` որևէ մեկիդ համար գաղտնիք չէր նաև ամբոխի կողմից, երբ հնչում էին իշխանափոխության առանձին հարցեր, դրանք խիստ ձևով քննադատվում էին նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից»:

Հայտարարելով, որ Եռյակին ընդամենը միավորում է աթոռին հասնելու ցանկությունը` Մելիքյանը որակումներ թույլ տվեց նաև Քառյակի առանձին ներկայացուցիչների վերաբերյալ. «Լսելով Լևոն Զուրաբյանի երեկվա հայտարարությունը` ես հասկացա, որ այդ մարդը անհույս հիվանդ է»:

ՀՀԿ-ական պատգամավորը, ով մինչ այդ փառաբանում էր Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի միանալու մասին իշխանությունների որոշումը, քննադատեց ոչ իշխանական ուժերին (բացառությամբ «Ժառանգության» առաջնորդի)` իշխանությունների այդ քայլը չքննադատելու համար.

«Եթե խոսում ենք արտաքին դրական քաղաքականության մասին կամ չենք քննադատում արտաքին դրական քաղաքականությունը, ապա դա ներքին քաղաքականությունից առանձնացնելը տարրական անգրագիտություն է. ընդունում ենք արտաքին քաղաքականությունը, ուրեմն ընդունում ենք նաև ներքին քաղաքականությունը, որովհետև դրանք իրարից անկախ չեն կարող լինել»:

Տեսանյութեր

Լրահոս