Ովքեր են վերահսկում ձայները Հայաստանում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» կազմակերպությունը ուսումնասիրություն է կատարել՝ թե Հայաստանի տարբեր համայանքներում ո՞ր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են ղեկավարները: Այս հարցումը նրանք կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Հանրապետական կուսակցության և որոշ համայնքների ղեկավարների պատվերով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իրենց ուսումնասիրությունները՝ Ա. Ադիբեկյանը տեղեկացրեց, որ Հայաստանի 915 համայնքից 678-ում համայնքի ղեկավարները ՀՀԿ-ական են.

«Դա նշանակում է, որ 678 համայնքի բնակիչներ, երբ խնդիր են ունենում, դիմում են իրենց համայնքի ղեկավարին: Նրանք իրենց կարողություններից 5 անգամ ավելի օգուտ են բերում, քան մարզպետը, նախարարը, կամ վարչապետն ու նախագահը»:

Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ 79 համայնքի ղեկավարներ, որից 36-ը Կոտայքում են, 10-ը՝ Արարատի մարզում. «Այսինքն՝ նրանք հանրապետության ամբողջ տարածքով ներազդեցիկ ուժ չունեն»:

ՀՅԴ-ն ունի 35 համայնքի ղեկավարներ, ՕԵԿ-ը՝ 13, ընդ որում, ՀԱԿ-ն ու ԱԻՄ-ն ունեն 3 գյուղապետ, իսկ անկուսակցականները՝ 107-ն են.

«Անկուսակցականները հիմնականում հենվում են «Հանրապետականի» հենքի վրա, բայց իրենց չեն դիրքավորում, որպես «Հանրապետական»,- նշեց սոցիոլոգը:

Ըստ Ա. Ադիբեկյանի՝ ընտրությունների ժամանակ այդ համայանքների ղեկավարները դառնում են քարոզիչներ և ձայներ են հավաքում:

Սոցիոլոգը նշեց նաև, որ 2014 թվականին եղել են 82 համյանքային ընտրություններ, որոնցից 54-ում հաղթել է «Հանրապետականը», 6-ում՝ ԲՀԿ-ն, 3-ում ՀՅԴ-ն, 1-ում՝ ՕԵԿ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս