Հայաստան՝ ԱՊՀ երկրների շարքում գնանկման առաջատար
Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի ընթացքում առավելապես արձանագրվել են գնանկման միտումներ: Մասնավորապես, տարվա առաջին 9 ամիսներից 5-ի ընթացքում արձանագրվել է գնանկում. ընդհանուր գնանկումը կազմել է 4.6%: Այսօր այս վիճակագրական տվյալները ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա տեղեկացրեց, որ բարձր գնաճ արձանագրվել է հունվար ամսին՝ 2.8%, ապրիլին՝ 0.5% և վերջին 2 ամիսներին՝ օգոստոս և սեպտեմբեր ամսիներին համապատասխանաբար 0.7% և 0.4%. «Ընդհանուր 9 ամիսների սպառողական գների ինդեքսը կազմել է 99.2%, այսինքն՝ 2014 թվականի սեպտեմբերին 2013 թվականի դեկտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է գների նվազում 0.8%-ով»:
Գ. Մարտիրոսյանը նկատեց, որ այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.4% գնաճ, ադ թվում՝ պարենային աապրանքների գներն աճել են 0.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.1% նվազում:
«Պարենային 13 ապրանքային խմբերից 10-ում արձանագրվել է գնաճ 0.1-9.4%: Ամենաբարձր գնաճն արձանագրվել է ձվի գծով՝ 9.4 %: Բարձր գնաճ արձանագրվել է նաև բանջարաղենային և կարտոֆլի ապրանքատեսաներում՝ 5.9%-ով: 2 ապրանքային խմբում արձանագրվել է գնանկում՝ 4.4-0.3% սահմաններում, իսկ այլ ապրանքային խմբերում գները մնացել են նախորդ ամսվա գների մակարդակին»:
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի նկատմամբ սեպտեմբերին պարենային ապրանքների գները նվազել են 3.4%-ով, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 2.4%-ով:
«2014 թվականի հունվար-սեպտեմբերի կուտակային ցուցանիշը 2013 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ գնաճը հանրապետությունում կազմել 2.9%, այդ թվում, պարենային ապրանքների գները աճել են 1%-ով, ոչ պարենային ապրանքներինը 1.9%-ով, իսկ ծառայություն սակագների աճը կազմել է 6%-ով: Միայն մեկ ամսում՝ 2014 թվականի սեպտեմբերին՝ 2013 թվականի սեպետմբերի համեմատ, սպառողական շուկայում գնաճը կազմել է 1.5%: Այդ թվում, պարենային ապրանքների գնաճը կազմել է 0.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%, իսկ ծառայություն սակագների աճը կազմել է 1.8%»,- ասաց Գ. Մարտիրոսյանը:
Նա նաև նշեց նշեց, որ 2007, 2008, 2012 և 2014 թվականներին 9 ամսիների կտրվածքով արձանագրվել է գների նվազում. «Մյուս տարիներին համեմատաբար գնաճ է արձանագրվել ,և ամենաբարձր գնաճն արձանագրվել է 2010 թվականին՝ 4.7%»:
Համեմատության համար Գ. Մարտիրոսյանը նաև բերեց Եվրոմիության և ԱՊՀ երկրների վիճակագրական տվյալները. «Միայն օգոստոս ամսին հուլիսի համեմատ Եվրոմիության 27 երկրներից 15-ում արձանգրվել է գնանկում, 9-ում՝ գնաճ, և 3 –ում գները մնացել են նախորդ ամսվա գների մակարդակին: 2014 թվականի օգոսոտոսին 2013 թվականի դեկտեմբերի համեմատ 8 ամսվա կտրվածքով Եվրամիության 27 երկրների 8 երկրներում արձանագրվել է գնանկում, 19-ում՝ գնաճ: Բարձր գնանկում առավելապես արձանագրվել է Հունաստանում, Բուլղարիայում, Իտալիայում, Մալթայում,Կիպրոսում և այլն:
ԱՊՀ երկրների շրջանում 8 ամսվա կտրվածքով ամենազգալի գնանկումը արձանագրվել է Հայաստանում՝ 1.2%: Գնանկում է արձանագրվել միայն հարևան Վրաստանում, իսկ ԱՊՀ մնացած բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ»: