Փոստանջյանը չի մասնակցելու եռյակի հանրահավաքին

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու հարցում ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչների մոտ ոչ միանշանակ մոտեցում կա: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, չնայած այն հանգամանքին, որ հանրահավաքի կազմակերպիչներից մեկը «Ժառանգություն» կուսակցությունն է:

Մեր այն հարցին, թե ինչու է որոշել բոյկոտել հանրահավաքը, Փոստանջյանը պատասխանեց. «Որովհետև ինձ համար ընդունելի չէ այն օրակարգը, որով կազմակերպվում է հանրահավաքը»: Թե հատկապես ինչ օրակարգի դեպքում ինքը կմասնակցեր հանրահավաքին, տիկին Փոստանջյանը չհստակեցրեց: Նա նաև անպատասխան թողեց մեր այն դիտարկումը, որ ինքը կարող է հանրահավաքին մասնակցել իր սեփական օրակարգով և իր ելույթում հնչեցնել իր ուզած հարցերը:
Զարուհի Փոստանջյանը հանրահավաքային պայքարի սիրահար է և մասնակցում է նույնիսկ ամենափոքր բողոքի ակցիաներին՝ լինեն դրանք էկոլոգիական որևէ խնդրի կամ մարդու իրավունքների ոտնահարման կոնկրետ դեպքի հետ կապված: Չնայած նա ասում է, որ այս կոնկրետ հանրահավաքին չմասնակցելը պայմանավորված է դրա օրակարգի հետ իր անհամաձայնությամբ, սակայն ավելի հավանական է, որ դրա պատճառն այն է, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի կազմակերպիչներից մեկը ԲՀԿ-ն է: Փոստանջյանը հայտնի է ԲՀԿ-ի նկատմամբ իր ընդգծված բացասական վերաբերմունքով և նրա ղեկավարի հասցեին հնչեցրած կոպիտ արտահայտություններով:

«Օլիգարխ ս մենտալնստյու վլադելցա բետոնոմեշալկի»,- ԲՀԿ ղեկավարի մասին 2013թ. նախագահական ընտրություններից առաջ ասում էր Զարուհի Փոստանջյանը: Նա չնայած հիմա նույն չափով կոպիտ չէ, բայց իր բոյկոտով ցույց է տալիս, որ շարունակում է մնալ նույն կարծիքին: «Ժառանգության» անդամակցումը քառյակին հնարավոր դարձավ, երբ նա հրաժարական տվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից և մեկնեց ԱՄՆ սովորելու և, չնայած արդեն երկու ամիս է` Հայաստան է վերադարձել, չի մասնակցել քառյակի և եռյակի որևէ նիստի: «Ժառանգությունում» Զարուհի Փոստանջյանը միակը չէ, ով հակաբհկական է, և այնքան էլ չի հավատում ԲՀԿ-ի հետ համագործակցության հաջողությանը:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դեռևս 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո էր հայտարարում, որ իրեն դանակահարողների խմբի մեջ եղել են նաև ԲՀԿ ղեկավարի թիկնազորի ներկայացուցիչներ: «Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ ասում են, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպես կարող է Արմեն Մարտիրոսյանն այսօր կողմ լինել «Ժառանգության» մասնակցությանը մի թեկուզ ոչ ֆորմալ դաշինքի, որի անդամ է նաև ԲՀԿ-ն: Կամ ինչպես նա կարող է ԲՀԿ-ականների հետ լինել միևնույն հարթակում, երբ ինքն էր ԲՀԿ-ի ամենասուր քննադատներից մեկը:

Բայց «Ժառանգությունում» կա այլ տեսակետ ևս. որ պետք է հանրությանը ցույց տալ ԲՀԿ-ի իրական դեմքը, իսկ դրա համար ավելի լավ հնարավորություն, քան հանրահավաքն է, դժվար է մտածել: Այսինքն` պետք է հրապարակում հավաքված հանրությանը ցույց տալ, որ «Ժառանգությունը» կողմ է արմատական լուծումների, կողմ է իշխանափոխության պահանջ դնելուն, իսկ ահա ԲՀԿ-ն և այդ կուսակցության անդամները խուսափում են արմատական պահանջներ դնելուց և այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ նախաձեռնելուց: «Ժառանգությունում» համոզված են, որ առաջիկա հանրահավաքի միջոցով հնարավոր է բարձրացնել կուսակցության վարկանիշը և ապագա քաղաքական գործունեության համար լավ հիմքեր ստեղծել:

Մասնավորապես իրենք կարող են հետագայում ասել, որ «Ժառանգությունը» կողմ էր արմատական լուծումներին, որ «Ժառանգությունը» պահանջում էր դնել իշխանափոխության հարցը, իսկ ահա ԲՀԿ-ն տատանվեց, հրաժարվեց արմատական լուծումներից և տապալեց համաժողովրդական պայքարը: Իսկ քանի որ ՀԱԿ-ը չափազանց շատ է կախված ԲՀԿ-ից և չի կարող որևէ հարցով քննադատել և մեղադրել ԲՀԿ-ին, ապա այս մեղադրանքները նույն չափով կվերաբերեն նաև ՀԱԿ-ին:

Այսինքն`«Ժառանգությունը» հանրահավաքը փորձելու է օգտագործել ոչ միայն` որպես իշխանությունների դեմ պայքարի հարթակ, այլև` ընդդիմադիր դաշտում սեփական կշիռը և հեղինակությունը բարձրացնելու միջոց:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու հարցում միանշանակ դիրքորոշում չկա ոչ միայն «Ժառանգությունում», այլ նաև ԲՀԿ-ում: ԲՀԿ խմբակցության որոշ գործարար ներկայացուցիչներ ասում են, որ իրենք հազիվ թե մասնակցեն հանրահավաքին, քանի որ պարտադիր չէ, որ խմբակցության բոլոր անդամները լինեն հրապարակում: Նրանք ոչ հրապարակային զրույցներում հայտարարում են, որ քանի դեռ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրենց հանրահավաքին մասնակցելու մասին ցուցում չի տվել` իրենք հանրահավաքին չեն մասնակցի: Առայժմ նրանք ցուցում ունեն հանրահավաքի մասնակիցներ ցուցակագրելու և հոկտեմբերի 10-ին Երևան տեղափոխելու հարցում:

ԲՀԿ-ական գործարարների համար հանրահավաքի մասնակցության համար կարևոր ազդակ կլինի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնական օրինակը: ԲՀԿ-ականներն ասում են, որ իրենք կմասնակցեն, եթե հանրահավաքին մասնակցի նաև Գագիկ Ծառուկյանը:

Հանրահավաքից մեկ շաբաթ առաջ արդեն պարզ է, որ այս հանրահավաքն իսկական փորձություն է դառնալու դրա կազմակերպիչների համար: Նրանք մեծ սիրով կհրաժարվեին հանրահավաքի անցկացումից, ուղղակի համոզված են, որ անցյալ տարվա աշնանից հայտարարվող և անընդհատ հետաձգվող համատեղ հանրահավաքի չանցկացումն ավելի մեծ խայտառակություն կլինի, քան անցկացումը:

Տեսանյութեր

Լրահոս