«Իսլամական պետություն» խմբավորումը մահապատժի է ենթարկել Մեծ Բրիտանիայի քաղաքացու
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» խմբավորումը մահապատժի է ենթարկել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ալան Հենինգին, որը գերության մեջ էր պահվում նրանց մոտ: Ծայրահեղականները Հենինգին գլխատելու մասին տեսանյութը համացանցում տեղադրել են երեկ երեկոյան:
Տեսանյութի վերջում զինյալը զգուշացնում է, որ եթե վերջ չտրվեն «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հասցվող ավիահարվածներին, ապա հաջորդ զոհը կդառնա Փիթեր Քասինգը:
Զինված և դիմակավոր մարդը հայտարարում է. «Օբամա´, դու սկսեցիր Շամի (Սիրիայի) օդային ռմբակոծությունները, որպեսզի շարունակես հարվածել մեր մարդկանց, դրա համար էլ ճիշտ կլինի, եթե մեր հաջորդ հարվածը բաժին ընկնի ձերոնց»: