ԵԽ-ի հեղինակության վրա ստվեր է նետում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնությունների անտեսումը. HRW
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում իրենց գագաթնակետին են հասել այդ երկրում անկախ ձայների ճնշումներն ու հետապնդումները.
«Ադրբեջանի կառավարության այդօրինակ գործողությունները հանդիսանում են ԵԽ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների բաց անտեսում: Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող նման բռնությունները ԵԽ-ի կողմից անտեսելը ստվեր է նետում այդ կազմակերպության հեղինակության վրա:
Վերջին երկու տարում Ադրբեջանում անհիմն մեղադրանքներ են ներկայացվել 50 հասարակական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների ու իրավապաշտպանների նկատմամբ: Նեկայումս նրանց մեծ մասը գտնվում է վանդակաճաղերից այն կողմ: ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության մեկնարկից հետո վանդակաճաղերից այն կողմ է հայտնվել առնվազն 11 ակտիվիստ:
Մասնավորապես, կալանավորվել են հանրահայտ իրավապաշտպաններ. Լեյլա Յունուսը, նրա ամուսին Արիֆ Յունուսը, Ինթիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը: Նախիջևանում քրեական գործ է հարուցվել իրավապաշտպան Իլգար Նասիբովի դեմ:
HRW-ը կարծում է, որ ԵԽ-ի ղեկավարությունը, գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ-ի նախագահը, Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը, ինչպես նաև անդամ երկրները պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անեն անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել ապօրինաբար կալանավորվածներին ու վերացնել նրանց դեմ քաղաքական դրդապատճառներով ներկայացված մեղադրանքները»: