Կրեմլը բացառել է Եվտուշենկովի կալանավորման քաղաքական ենթատեքստը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում անհեթեթ են որակել «Սիստեմա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովին կալանավորելուն քաղաքական երանգներ հաղորդելու փորձերը:
Եվտուշենկովի կալանավորումը հանդիսանում է վերջին 10 տարում Ռուսաստանի ամենահարուստ գործարարների թվում գրանցված նմանատիպ առաջին դեպքը՝ սկսած ՅՈՒԿՕՍ-ի ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու կալանավորումից:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս իրավիճակը ՅՈՒԿՕՍ-ի գործի հետ համեմատելը բացարձակապես սխալ ու անհեթեթ է: Պեսկովի խոսքերով՝ որևէ մեկն իրավասու չէ մեկ ուրիշին մեղավոր ճանաչել նախքան դատավճռի հրապարակումը:
Պեսկովը հայատարարել է, որ Պուտինը Եվտուշենկովի կալանավորման մասին իմացել է դատարանի որոշումից հետո և հուսով է, որ հետաքննչական մարմինները օբյեկտիվ հետաքննության ընթացքում կգտնեն բոլոր հարցերի պատասխանը:
Սեպտեմբերի 16-ին ՌԴ Հետաքննչական կոմիտեն Եվտուշենկովին մեղադրանք է ներկայացրել ՔՕ- 174-րդ հոդվածով (դրամական միջոցների օրինականացում (լվացում)): Հետաքննիչները կարծում են, որ նա մասնակից է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելուն:
Դատարանը որոշել է նրան տնային կալանք տալ մինչև նոյեմբերի 16-ը: Դատարանի որոշմամբ, նրան արգելվել է զբոսանքներ կատարել, շփվել որևէ մեկի հետ՝ բացառությամբ քննիչների ու փաստաբանի, ինչպես նաև օգտվել համացանցից, հեռախոսից և կապի յուրաքանչյուր այլ միջոցից:
Հիշեցնենք, որ սրանից առաջ մոսկովայան դատարանը կալանք էր դրել «Բաշնեֆտ» ընկերության բաժանետոմսերի վրա: Նավթային ընկերության բաժնետոմսերի վրա կալանք է դրվել Հետաքննչական կոմիտեի խնդրանքով, որը հետաքննում է գործարար Լևոն Հայրապետյանի կողմից խոշոր միջոցներ յուրացնելու ու վատնելու գործը:
Կալանքը վերաբերվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի միայն վերահսկիչ (ավելի քան 300 միլիոն ռուբլի) փաթեթին, որը պատկանում է «Սիստեմա» ընկերությանը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Հայրապետյանը քրեական հետապնդման տակ է ընկել Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերությունը «Սիստեմային» վաճառելու հանգամանքները հետաքննելու շրջանակներում: