«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից
Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, թե ինչ աշխատանք է կատարվել սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ: Հիշեցնենք, որ նախորդ համաժողովը տեղի է ունեցել 2011 թվականին: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ այս տարի 600 և ավելի սփյուռքի կառույցների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը, և այդ գործընթացը շարունակվում է: Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ղեկավարությունը և բոլոր համահայկական կառույցների ղեկավարները, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Կաթողիկե պատրիարքը և մյուս բոլոր առաջնորդները:
«Համաժողովը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այն կբացի հանրապետության վարչապետը: Տեղի կունենան երեք լիագումար և ըստ ուղղությունների չորս նիստեր: Օրակարգում կլինեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաները, երկրորդը՝ սիրիահայերի և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության հիմնախնդիրները, երրորդ հարցը կվերաբերի լեզվի պատշպանությանը և մամուլին, չորրորդ հարցը՝ Հայրենիք-Սփյուռք գործակցության կառուցակարգերի կատարելագործմանը: Այս համաժողովի շրջանակում նաև տեղի կունենա զանգվածային լրատվամիջոցների 7-րդ համաժողովը, որին մասնակցելու են 120 խմբագիր սփյուռքից և Հայաստանի մամուլի ներկայացուցիչները»,- ասել է Հ. Հակոբյանը՝ հավելելով, թե նախապատրաստական բոլոր աշխատանքները իրականացվում են համապատասխան գերատեսչությունների, նախարարությունների, կառույցների հետ:
«Ակնկալում ենք, որ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն համաժողովին և քննարկումներին»,- ասել է Հ. Հակոբյանը:
Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է, որ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից: