Հայաստանը դիտորդի կարգավիճակով անդամակցում է ԵՏՄ մեքենաշինարարների կոորդինացիոն խորհրդին
Վերջերս Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը մեքենաշինարարների կոորդինացիոն խորհուրդ են ստեղծել, որտեղ Հայաստանը անդամակցում է դիտորդի կարգավիճակով: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միությաննախագահ Վազգեն Սաֆարյանը, Հայաստանըփորձելու է իր մեքենաշինական ձեռնարկությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծել և համատեղ ծրագրեր իրականացնել:
«Խոսքը նոր տիպի արտադրությունների մասին է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ կառավարությունն արդեն ստորագրել է ԵՏՄ-ի մեջ ՀՀ-ի անդամագրվելու մասին իր համաձայնությունը և այն ուղարկվել է ՌԴ նախագահի հաստատմանը, ուրեմն մենք ՄՄ-ի և ԵՏՄ-ի շրջանակներում կոնկրետ քայլեր ենք անելու մեքենաշինության ոլորտը վերականգնելու ուղղությամբ, իրականացնելու ենք գույքագրում, թե նախկինում ով, ում հետ, ինչ կապեր է ունեցել և ներկայումս ինչ կարող է արտադրել ու իրացնել ռուսական շուկայում»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Նա ներկայացրեց Գյումրիի «Անալիտիկ 1» գործարանի օրինակը, որը ԽՍՀՄ տարիներից մինչ օրս արտադրում է աղաչափեր: ԽՍՀՄ տարիներին գործարանը տարեկան 40-50 կոմպլեկտ աղաչափեր է արտադրել և իրացրել ՌԴ-ում: Դրանք օգտագործվել են 4-րդ սերնդի սուզանավերի մեջ: Վերջերս Հայաստան էր եկել Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» գիտաարտադրական միավորման տնօրեն Կոնստանտին Շիլովը, որն ուսումնասիրել է Գյումրիի ձեռնարակության վիճակը և համատեղ արտադրություն ստեղծելու հնարավորությունները: Վ.Սաֆարյանի խոսքով՝ շուտով սպասում են հրավեր, որ գնան, ծանոթանան ռուսական գործարանի արտադրատեխնիկական կուլտուրային և համագործակցության եզրեր գտնեն: Ըստ նրա՝ Գյումրիի գործարանը պահպանել է իր արտադրական հզորությոնները, ՀՀ անկախացումից հետո ոչ մի հաստոց չի վաճառվել և այսօր էլ այն արտադրանք է տալիս, մոտ 70 մարդ աշխատում է այնտեղ, սակայն գործարանն արդիականացնելու համար մեծածավալ ներդրումների կարիք կա:
«Քայլերը, որ արվում են, գնում են այն ուղղությամբ, որ ՀՀ-ն դարձնենք արդյունաբերական երկիր, ոչ թե սպառող, ինչպես հիմա է, այլ արտադրող և արտահանող երկիր դարձնենք և դա կբերի և աշխատատեղերի ավելացմանն ու արտագաղթի կասեցմանը»,- ասաց Ֆ.Սաֆարյանը: